Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ և Արցախի ազատամարտիկների միության փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հաղորդագրությունում նշվում է, որ Սահակյանը կարևորել է ԵԿՄ անդամների այցելություններն Արցախ և սահմանգիծ` նշելով, որ «դրանք մեծապես նպաստում են հայրենիքի պաշտպանների տարբեր սերունդների միջև ամուր կապերի պահպանմանն ու զինվորական ավանդույթների ամրապնդմանը»։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը:
Հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը և մի խումբ քաղաքացիներ Բերձորի մոտ խոչընդոտել էին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների մուտքը Արցախ։ Ավտոերթի մասնակիցները ենթարկվել էին ծեծի, ջարդվել էին նրանք մեքենաները։
Արձագանքելով բերձորյան բռնությանը՝ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանն ասել էր. «Հասարակ մարդկանց թողում են Ղարաբաղ, մուտիլովշիկներին՝ չէ»: