Իսրայելի կառավարությունը Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին պաշտոնապես ճանաչել է Երուսաղեմի պատրիարք, հաղորդում է Երուսաղեմի պատրիարքության պաշտոնական կայքը: Հուլիսի 23-ին արքեպիսկոպոսը Կնեսետում հանդիպում է ունեցել Իսրայելի ներքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ: Վերջինս արքեպիսկոպոսին է հանձնել պաշտոնական նամակ, որում նշվում է, որ Իսրայելի կառավարությունը ճանաչում է արքեպիսկոպոսին որպես Երուսաղեմի հայոց պատրիարք: Երուսաղեմի 97-րդ հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ձեռնադրվել է հունիսի 5-ին Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցում: Որպես կանոն` Երուսաղեմի քրիստոնեական համայնքները փորձում են իրենց համար հոգևոր առաջնորդներ նշանակել այնպիսի մարդկանց, որոնց թեկնածությունը Իսրայելին, Հորդանանին և Պաղեստինին ձեռնտու է: Սակայն Նուրհան Մանուկյանի թեկնածությունը ողջունել էին միայն Պաղեստինը և Հորդանանը: Հատկանշական է, որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը բազմիցս հանդես է եկել հակաիսրայելական հայտարարություններով, իսկ 2013թ. սկզբին խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին Հայոց ցեղասպանության փաստը չընդունելու կապակցությամբ:
↧