Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում հայտնաբերվել է 43-ամյա լրագրող Գայե Ջոշարին վրաերթի ենթարկած ավտոմեքենան և վարորդը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ է ներգրավվել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 35-ամյա Արամ Գրիգորյանը, ով վրաերթի պահին վարելիս է եղել «Օպել» մակնիշի 34 DC 699 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ մահացած Ջոշարի փաստաբանը Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն է, իսկ կասկածյալ Գրիգորյանի փաստաբանը՝ Նորայր Նորեկյանը: Շամշյանը հայտնում է նաև, որ կան տեսաձայնագրված նյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է Ջոշարը օրորվելով (ըստ տեղեկությունների՝ ոչ սթափ) վիճակում փողոցն անցել մինչև վրաերթի վայրում հայտնվելը, այնուհետև վրաերթի վայրում նա ընկած է եղել գետնին, (հավանաբար՝ նորից ոչ սթափ), և մի քանի ավտոմեքենաներ նկատել են նրան գետնին ընկած ու կարողացել են շրջանցել, սակայն Opel-ի վարորդը կամ չի նկատել կամ, եթե նկատել է, չի հասցրել շրջանցել Ջոշարին ու ավտոմեքենայի տակի մասով հարվածել է գետնին ընկած լրագրողին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս ամենը պարզելու և իրականությունը բացահայտելու համար քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ուսումնասիրվում են և նշանակվել են անգամ մի շարք փորձաքննություններ: Ցուցմունքներ են տվել նաև հիվանդանոցի բժիշկները, որտեղ վրաերթի հետո տեղափոխվել էր Ջոշարը:
Գայե Ջոշարը մահացել է հունվարի 7-ին՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ չհաղթահարելով 2014թ. դեկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքները։
Գայե Ջոշարը 2014թ. նոյեմբերից Սիվիլիթաս հիմնադրամում ներգրավված էր որպես լրագրող և հետազոտող Թուրքիայից՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող փորձի փոխանակման նախագծով։