Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17038

Նույնիսկ Սահարա անապատը տարածք չէ, եթե այնտեղ կան պետական մարմիններ

$
0
0

gevorg kostanyanԳևորգ Կոստանյանը (կարդացեք՝ Սերժ Սարգսյանը) համը հանում է։ Մի ուրիշ ձևի համը հանում է։ Եվ չէր կարող չհանել։ Մենք ապարդյուն մտածում ենք, որ սրանց պատասխանատու պաշտոններին մոտ թողնելով փորձության դառը բաժակն ենք խմում, էս մարդը (կարդացեք՝ մարդիկ) ասում՝ չէ, այ ախպեր, ի՞նչ փորձություն, դուք (այսինքն, նրանց պաշտոններին մոտ թողնողներս, այսինքն, մենք՝ քաղաքացիներս) ստրուկներ ենք, ո՞վ է տեսել, որ կամավոր ստրկությունը փորձություն դառնա և կամավոր ստրուկը ինչ-որ մեկին ինչ-որ պաշտոնի մոտ թողնի։

Մենք ասում ենք՝ ձեզ տրված է իրավապահ համակարգի լեգիտիմացման բացառիկ, ՀՀ պատմության մեջ դեռևս չիրացված հնարավորություն։ Մինչև Պերմյակովի սպանդը ՀՀ քաղաքացին իրավական, դատական համակարգը համարել է ամենակոռումպացվածը, դատախազներին ու դատավորներին՝ էս պետության խայտառակությունը։ Հիմա պահանջում է, որ Պերմյակովին հանձնեն ՀՀ իրավապահների ձեռքը, այսինքն, վերցրեք այդ տղային ու լեգիտիմացեք։ Չենք ասում՝ հոշոտեք, որ սիրտներս հովանա։ Ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ պետական միավոր է, միացել է միջազգային պայմանագրերին, ունի պետական մարմիններ, որոնք ձևավորվում են ընտրությունների, և ըստ այդմ, նաև՝ նշանակումների միջոցով։ Հիմա դու՝ եղբայր, ոչ բարով նշանակվել ես ՀՀ գլխավոր դատախազ։ Երբ արդարացնում ես Պերմյակովի ռուս իրավապահներին հանձնելը, դու հակալեգիտիմ ես համարում ոչ թե քեզ, քո ղեկավարին, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը։ Որովհետև ճանաչում ես ՌԴ օրենքի գերակայությունը ՀՀ օրենքի վրա։ Դու ասում ես՝ Պերմյակովը պետք է դատվի ՀՀ տարածքում։ Մենք ասե՞լ ենք, որ չպետք է Մոզամբիկում դատվի։ Ոչ։ Մենք ասում ենք՝ պետք է դատվի ՀՀ դատարանում։ Ռուսաստանում էլ ՀՀ տարածք կա՝ դիցուք ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը։ Ոչ։ Հանցագործությունը կատարվել է Գյումրիում, գյումրեցի ընտանիքի նկատմամբ։ Գյումրին և Շիրակի մարզն ունի դատախազ, ունի առաջին ատյանի դատարան։ Ո՞րն է նրանց բան ու գործը։ Հենց Գյումրիում էլ պետք է դատվի ռուս տղան։ Սա է լեգիտիմությունը։ Երբ մենք նման պահանջ ենք ներկայացնում, դրանով լեգիտիմացնում ենք ՀՀ դատախազին ու դատավորին, որոնք մեր աղքատության ֆոնին չափազանց բարձր աշխատավարձ են ստանում մեր, այսինքն, հարկատուի միջոցներից։

Մենք,- ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ,- ձեզ ձեր պաշտոնի գյորա ենք դիտարկում, դուք սա հասկանու՞մ եք։ Մենք վերջապես ուզում ենք մեր մատներով շոշափել Հայաստանի Հանրապետությունը։ Ուզում ենք, որ դուք էլ լինեք շոշափելի։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը տարածք չէ։ Նույնիսկ Սահարա անապատը տարածք չէ, եթե այնտեղ կան պետական մարմիններ։ Տարածք է միայն «Իսլամական պետությունը», որովհետև այն միջազգայնորեն անընդունելի է և ճանաչված չէ։ Հիմա դուք ուզում եք համոզել, որ Հայաստանի Հանրապետությունը վերաճանաչման ծանր գործընթա՞ց պիտի անցնի։ Լավ։ Գոնե ընդունեիք, որ ռուս զինվորն իրավունք չուներ զենքը ձեռքին Հայաստանի Հանրապետության սահմաններում Պերմյակովին փնտրելու։ Դա պետք է աներ հայ իրավապահը։ Դա էլ չարեցիք։ Ու չեք ընդունում, որ չեք արել։ Հասկանու՞մ եք, երբ մենք ասում ենք, որ պետք է Սերժ Սարգսյանի վարչակարգը անհապաղ հեռանա, հենց նման բաները նկատի ունենք։

Դուք ՀՀ քաղաքացուն եք զրկել լեգիտիմությունից, ինքը ձեր վրա իշխանություն չունի, ինքը այս երկրում ոչինչ չի որոշում։ Ինքը տեսնում է, որ դուք թաթախված եք քրեական հանցագործությունների մեջ, ինքը տեսնում է, որ դուք սիրով եք անում այդ հանցագործությունները, ինքը տեսնում է, որ ձեր իշխանության օրոք ոչ մի երաշխիք չունի, որ գիշերը գլուխը բարձին դնելով առավոտյան ողջ և առողջ կարթնանա, բայց չի կարող ձեզ ասել՝ ռադ եղեք։ Որովհետև Պերմյակովին ի սկզբանե եք թողել ռուսների «իրավազորության» տակ։ Մենք՝ պետականորեն առաջին քրիստոնյաներս, ամբողջ պետությամբ մեր գլուխը դրել ենք ձեր սրի տակ, բայց չենք կարողանում ասել՝ թող ձեր կամքը լինի։ Չենք կարողանում ասել, թեպետ գլուխները թռնում են։

Աշխարհի քրիստոնեական ո՞ր երկրում է այսպես։ Ուրիշ ո՞վ ունի Գևորգ Կոստանյան։ Ուրիշ ո՞վ կասի, որ քաղաքացիական անձի հանդեպ կատարած զինվորի ոճիրը զինվորական հանցագործություն է։ Նրա արարքը ի՞նչ կապ ունի զինվորականության հետ։ Եթե երկու տարեկան երեխայի վրա կրակելը կամ վեց ամսական երեխային փրթելը զինվորական հանցանք է, ուրեմն այդտեղ պետք է լինեն էքսպանսիայի տարրեր, ուրեմն, այդ երկու տարեկան և վեց ամսական երեխաները, թող որ Մաքսային միության մեկ այլ երկրի, բայց այնուամենայնիվ, բանակի ծառայողներ են, ուրեմն հանցագործը վերազանցելով իր բանակի կանոնակարգը փորձել է բանակի, բայց ոչ քաղաքացիական հասարակության գործունեությանը վնասող գործողություններ կատարել։ Այսինքն, գործողություններ, որոնք չեն տարածվում քաղաքացու կամ քաղաքացիական կյանքի վրա։ Կա՞ն նման բաներ Պերմյակովի դեռևս չապացուցված հանցանքում։ Չկան։ Ուրեմն, դու՝ Գևորգ Կոստանյան, ի՞նչ ես անում այդ գլխավոր դատախազի աթոռին։ Դու, այլ բառեր չասենք, պարտակում ես քրեական հանցագործությունը։ Ավելին, դու մատնանշում ես նաև քո հանցակիցներին։ Երեկ իրիկունն ես դուրս եկել Սերժ Սարգսյանի մոտից ու այսօր վստահաբար նման բաներ ես ասում։ Նշանակում է, ունես նրա «դաբրոն» այդ հիմարությունը մեզ կերցնելու համար։ Զինվորական հանցագործությունը քաղաքացիականից միայն զենքի և զինվորական հագուստի գործադրմամբ կատարված հանցանքով չի տարբերվում, զինվորական հանցագործության մեջ անպակաս պետք է լինի հանցանքի զինվորական կամ ենթազինվորական տրամաբանությունը։ Պերմյակովի հանցանքը մարդկության դեմ է և այստեղ նույնիսկ նրա ազգությունը և զինվորական կարգավիճակը կապ չունի։ Պա՞րզ է։


Viewing all articles
Browse latest Browse all 17038

Trending Articles