Հայաստանի արտաքին գործերինախարարությունը դատապարտում է Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։
«Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։
Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»,-ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ մեկնաբանել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հունվարի 9-ին «Իսլամական պետություն» խմբավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել էին Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիթայի հայ կաթողիկե եկեղեցին:
«Իսլամական պետության» ահաբեկիչները 2014-ի սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցրել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։