Փարիզի արևելյան Վինսենս թաղամասում զինված անձը խանութներից մեկում կրակոցներ է արձակել և առնվազն հինգ պատանդ վերցրել, հաղորդում է AFP գործակալությունը: Ոստիկանությունը հաստատել է հրաձգության ժամանակ երկու վիրավորների մասին տեղեկատվությունը:
Հարձակվող տղամարդը զինված է 2 ինքնաձիգով: Կրակոցների վայր են շարժվում ծանր զրահատեխնիկայով զինվորական ստորաբաժանումներ: Ոստիկանությունը ներկայում տարհանում է թաղամասի բնակչությանը:
Իրավապահ մարմիններում Le Monde-ի աղբյուրները հայտնել են, որ զինված հարձակվողը կապված է Քուաշի եղբայրների հետ, որոնք ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրության վրա հարձակման գլխավոր կասկածյալներն են: Ենթադրություններ կան, որ զինված հարձակվողը կարող է լինել նույն անձը, ով հունվարի 8-ին գնդակահարել էր ոստիկանության աշխատակցուհուն:
Միաժամանակ՝ Ֆրանսիայի ոստիկանությունը մեկ այլ գործողություն է իրականացնում՝ Քուաշի եղբայրներին ձերբակալելու նպատակով: Չարագործները ներկայում թաքնվում են Փարիզի հյուսիսային արվարձաններից մեկում տեղակայված տպագրության շենքում: Տարածքը շրջափակված է:
Հունվարի 7-ին անհայտ անձինք ինքնաձիգով և նռնակով ներխուժել էին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել 12 մարդու։ Երբ չարագործները թաքնվելու նպատակով ավտոմեքենայով փորձել էին հեռանալ, վրաերթի էին ենթարկել անցորդների:
Հարձակումից մոտ մեկ ժամ առաջ պարբերականի Թվիթերում տեղադրվել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի ծաղրանկարը:
Ֆրանսիայի ոստիկանությունը Charlie Hebdo-ի վրա հարձակման մասնակիցների որոնման գործողության շրջանակում ձերբակալել է ինը մարդու, որոնք բարեկամական կապեր ունեն հարձակման երկու կասկածյալների հետ կամ ճանաչում են նրանց:
Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել էր պարբերականի վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձանց՝ Քուաշի եղբայրների լուսանկարները: