Ադրբեջանում որևէ մեկը չի զգա նավթի գների անկումը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքում կամավորների համապետական ֆորումի բացմանը, հաղորդում է ադրբեջանական Contact.az-ը:
«Նավթի գները կտրուկ նվազել են: Որևէ մեկը զգա՞ց դա Ադրբեջանում: Ո՛չ, և չի էլ զգա, քանի որ մենք ունենք տնտեսական ամուր հիմքեր: Մանաթի փոխարժեքը կայուն է, և դա թույլ է տալիս մեզ ասել, որ մենք տնտեսապես ուժեղ ենք, ունենք մտածված սոցիալական քաղաքականություն: Հնարավոր է մանաթի փոխարժեքի կայունությունը այդքան դրական գործոն չէ արտահանման ներուժի հարցում, սակայն այն սոցիալական նշանակություն ունի»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանական haqqin.az կայքը, վկայակոչելով Ադրբեջանի կենտրոնական բանկի իր աղբյուրը, տեղեկացրել է, որ վերջին օրերին բնակչության շրջանում դոլարի և եվրոյի գնման միտումի է նկատվում: Աղբյուրի համաձայն՝ դա առավելապես պայմանավորված է հոգեբանական գործոնով, որի պատճառը վերջին շրջանում ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումն է:
Ակնարկ
Նավթի գներն անկում են ապրում՝ սկսած ամառվանից, իսկ ՕՊԵԿ-ի՝ նավթի արդյունահանման քվոտան պահպանելու նոյեմբերի 27-ի որոշումից հետո նավթի գնանշումներն անկում ապրեցին էլ ավելի արագ։ Դեկտեմբերի 1-ին նավթի գները թարմացրել են հնգամյա նվազագույն ցուցանիշի ռեկորդը։ Brent տեսակի նավթի մատակարարման հունվարյան ֆյուչերսը էժանացել է 2,64%-ով՝ մինչև $68,3/1 բարել, WTI-ը՝ 2,43%-ով՝ մինչև $64,54/1 բարել։ Նավթի գների այսչափ շեշտակի անկումն ամենազգալին է 2008թ․ ֆինանսական ճգնաժամից ի վեր։
Ռուսական ռուբլին դեկտեմբերի 16-ին գրանցել է արժեզրկման հերթական ռեկորդները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել էր 82.23 ռուբլու, ապա սկսել իջնել, իսկ եվրոն ժամը հատել էր 100 ռուբլու հոգեբանական շեմը։