Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Այս մաիսն ասված վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ, հաղորդում են կռավարության մամուլի ծառայությունից: Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.
Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար:
Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, Հայաստանի տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար:
Այսօր ժամը 14:00-ին Կենտրոնական բանկի խորհուրդը հանրությանը կտա մանրամասն պարզաբանումներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ, և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները:
Ակնարկ
Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվեց 4%-ով՝ 1 դոլարը 415 դրամից դարձավ 435 դրամ։ Հետագա օրերին դրամը շարունակեց արժեզրկվել՝ հասնելով մինչև 1 դոլարի դիմաց 470 դրամ սահմանին։
2009թ. մարտի 3-ին, երբ դրամը մեկ օրում արժեզրկվեց 20%-ով, Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, և շուկայում ինտերվենցիաներ իրականացնում էր միայն փոխարժեքի խոշոր տատանումների դեպքում։
Գլխավոր դրամատունը դեկտեմբերի 8-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
Դեկտեմբերի 17-ի առավոտյան դրամ-դոլար փոխարժեքը կազմել է 560դրամ/1դոլար, դրամ-եվրո փոխարժեքը՝ 675դրամ/1 եվրո: