
Կոտայքի մարզի «Նաիրի» հիվանդանոցում գտնվող 24 երեխայի և 2 մեծահասակի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։
Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած թունավորման հետևանքով Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս ինն ապաքինվել և դուրս են գրվել։
Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` միաժամանակ` դեկտեմբերի 1-ին հոսպիտալացվել է մանկապարտեզի դայակներից մեկը։ Հիվանդանոցում գտնվող 24 երեխայի և 2 մեծահասակի (դայակ և դաստիարակ) վիճակը մասնագետները գնահատում են բավարար։
Նախարարությունը տեղեկացնում է, որ առողջական դրական տեղաշարժեր կան նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող մեկ երեխայի մոտ։ Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա։ Նրանք ունեն հիվանդության արտահայտության թույլ նշաններ։
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:
Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ:
Նոյեմբերի 28-ի դրությամբ, քննության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել էր 54 երեխա, որոնցից 19-ն արդեն դուրս էր գրվել։