ԱՊՊԱ ոլորտում այս տարի ներդրվեց «բոնունս-մալուս» (զեղչերի և հավելավճարների) համակարգը՝ միայն բոնուսի տեսքով, իսկ 2014-ից կգործի նաև մալուսը։ «Բոնուս-մալուս» համակարգի տրամաբանություն այն է, որ բարեխիղճ վարորդների համար ապահովագրավճարները լինեն ավելի փոքր, իսկ օրինախախտների համար, ելնելով թույլ տրված խախտումների քանակից, ավելի բարձր։ Հուլիսի 13-ին համակարգի ներդրմանը նվիրված սեմինարին Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանըն լրագրողների ասաց, որ 2014թ. համար կնքվող ԱՊՊԱ պոլիսի գինը հաշվարկելիս արդեն հաշվի է առնվելու նաև վարորդների բացասական պատմությունը։ Եթե 2013-ից սկսած 345 օրվա ընթացքում վարորդի մեղավորությամբ տեղի է ունեցել ապահովագրական պահատար, ապա նրա համար գինը բարձրանալու է։ Պատահարներ չունեցած վարոդների համար, ընդհակառակը, տեղի է ունենալու գնի իջեցում։ Ըստ նրա՝ եթե 345 օրվա ընթացքում վարորդի մեղավորությամբ եղել է մեկ պահատար, ապա նրա պոլիսի գինը կավելանա 16%-ով, իսկ երրորդ պատահարից հետո սակագինը կլինի կրկնակի։ «Վատ վարորդների համար գոյություն ունի նաև ամնիստիա. եթե վարորդը չորս տարի անընդմեջ կարգապահ լինի, ապա նրա բազասական պատմությունը զրոյանում է»,- ասաց Վարդիկյանը։ Կարգապահ վարորդների համար տարեկան կտրվածքով կտրվի 3%-ի զեղչ։ Բյուրոյի տնօրենը նշեց, որ այս տարի ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների 75%-ը ստացել են բոնուսներ, ինչը բացարձակ թվով կազմում է Դ350 մլն։ Զեղչերի և հավելավճարների սանդղակի մեծությունները հաշվարկելիս այնպես է արվել, որ ԱՊՊԱ համակարգում հաշվեգրված ապահովագրավճարի ծավալը մնա գրեթե նույնը։ Վարդիկյանը նշեց, որ հաշվարկներին և մոտեցումների մշակմանը մասնակցել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցուչները, և ընդհանուր համակարգը ընդունելի է ապահովագրական ընկերությունների համար։ Բյուրոյի տնօրենը նշեց, որ «բոնուս-մալուս» համակարգը թույլ է տալիս ժամանակի ընթացքում զգալիորեն նվազեցնել կարգապահ վարորդների «բեռը»՝ տեղափոխելով այն ռիսկային վարորդների վրա։ Այս համակարգը նաև անուղղակիորեն պարտադրում է ռիսկային վարորդներին լինել ավելի կարգապահ և զգոն, քանի որ նրանց ԱՊՊԱ պոլիսների գները կախված են պատահարների քանակից։ Մեկնաբանություն Բյուրոյի կողմից մշակված մալուսային բաղադրիչում առկա է լուրջ բաց։ Իհարկե, այն դեռ պետք է ներկայացվի Կենտրոնական բանկի հաստատմանը, բայց այսօր արդեն ակնհայտ է, որ բացասական պատմություն ունեցող վարորդները գոնե մեկ տարի դեռ կարող են խուսափել հավելավճարներից։ Օրինակ, եթե վարորդը այս տարվա ընթացքում արդեն ունի 3 ապահովագրական պատահար, ապա հասկանալի է, որ 2014թ. պոլիսի համար կրկնակի թանկ է վճարելու։ Բայց նա մինչև դեկտեմբեր կարող է չեղյալ անել գործող պայմանագիրը, կնքել նորը, որը կգործի մինչև 2014թ. այդ նույն ամիսը, որի համար կվճարի ներկայիս գինը (հավելավճար չի հաշվարկվի)։ Իհարկե, գալիք տարի վարորդի համար հաշվարկվող գնում հաշվի է առնվելու նախկին այդ երեք պատահարները, բայցևայնպես վարորդը մեկ տարի գոնե քիչ գումար է վճարելու։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ռիսկային են համարվում հիմնականում տաքսիների և հասարակական տրանսպորտի վարորդները, իսկ նրանց պայմանագրերը կարճաժամկետ են, ապա նրանք հանգիստ կարող են օգտվել այս բացից և կնքել մեկ տարվա պայմանագրեր՝ խուսափելով հավելավճարներից։ Հայաստանում գործող տաքսիների թիվը գերազանցում է 10 հազ-ը կամ ԱՊՊԱ պայմանագրեր ունեցող ավտոմեքենաների 3%-ը։ Բայց առկա բացից օգտվելու դեպքում ապահովագրական ընկերությունների հավաքագրած միջոցները մոտավոր հաշվարկներով կարող են նվազել Դ400 մլն-ով, բայց մյուս կողմից՝ բարեխիղճ վարորդներին գրեթե նույն ծավալի զեղչեր են տրամադրվելու: Այս ամենի հետևանքով կարող են կրճատվել ապահովագրական ընկերություններում հավաքագրված ապահովագրավճարները։ Բյուրոյի գործոոդիր տնօրենն ասում է, որ եթե համակարգում էական շեղումներ տեսնեն, մալուսային բաղադրիչի պամանները հնարավոր է՝ վերանայվեն։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, 2-3 տարվա ընթացքում համակարգը կկարգավորվի և ամբողջովին կգործի արդարության սկզբունքը։ Արմենակ Չատինյան
↧