Վրաստանի իշխանությունները ցանկանում են, որ երկրում անցկացվեն նախագահական օրինակելի ընտրություններ, այնպիսի ընտրություններ, որոնց արժանի է դեպի Եվրոպա ձգտող երկիրը, հատուկ ուղերձում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Այս մասին հաղորդում է վրացական «Նովոստի Գրուզիա» գործակալությունը։ «Մեր քաղաքական թիմն ունի համոզիչ հաղթանակ տանելու նկրտում, բայց մենք ունեք էլ ավելի կարևոր նկարտում ու ցանկություն՝ անցկացնել Վրաստանում մաքուր, ազատ ու արդար ընտրություններ, որոնք կդառնան օրինակ, այնպիսի ընտրություններ, որոնց արժանի է դեպի Եվրոպա ձգտող երկիրը»,- ասել է Իվանիշվիլին։ Նրա խոսքով՝ երկրում պետք է վերջ դրվի իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման պրակտիկային։ «Մեր իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու և նախագահի յուրաքանչյուր թեկնածուի իշխանությունն է»,- նշել է Իվանիշվիլին։ Ընդ որում՝ Վրաստանի վարչապետը իր քաղաքական կոալիցիայի՝ «Վրացական երազանքի» և քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչներին կոչ է արել նախընտրական արշավի ժամանակ նախկին իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության հետ չվարվել նրա իսկ մեթոդներով։ «Ես ցանկանում եմ դիմել «Վրացական երազանք» կոալիցիայում միավորված կուսակցություններին ու քաղաքական մյուս ուժերին, որոնք երկար տարիներ եղել են պետական քաղաքականության աստիճանի բարձրացված բռնության և անարդարության զոհ՝ կոչ անելով այս ընտրարշավի ժամանակ ապացուցել, որ վրեժը մեր սկզբունքը չէ»,- ասել է Իվանիշվիլին։ Նրա խոսքով՝ կոալիցիայի սկզբունքը ազատությունն է, օրենքի գերակայությունը և ընդդիմախոսների նկատմամբ հարգանքը։ «Եթե մենք նախկին իշխանության ներկայացուցիչների հետ վարվենք այնպես, ինչպես նրանք են մեզ հետ վարվել, մենք կմնանք արատավոր շրջանում, որից չենք կարողացել դուրս գալ տասնյակ տարիներ, և որի պատճառով երկիրը չի կարողացել զարգանալ»,- նշել է Իվանիշվիլին։ Վրաստանի վարչապետը նաև կոչ է արել ոստիկանությանն ու դատախազությանը առանց առանձնահատուկ անհրաժեշտության չձերբակալել երկրի նախագահի թեկնածուների նախընտրական արշավի մասնակիցներին։ «Ես դիմում եմ դատախազությանն ու ոստիկանության մարմիններին՝ կոչ անելով ակնհայտ հիմքերի ու անհետաձգելի անհրաժեշտության բացակայության դեպքում զերծ մնալ հանցագործության մեջ կասկածվող այն անձանց իրավունքների օրինական սահմանափակումից ու ձերբակալումից, որոնք ակտիվ մասնակցում են նախագահի թեկնածուների նախընտրական արշավներին»,- հայտարարել է Իվանիշվիլին։ Նրա խոսքով՝ «նախընտրական արշավի և ընտրությունների շրջանում էլ ավելի մեծ առաջանհերթություն է քաղաքական ազատության ապահովումը»։ Ընդ որում՝ Իվանիշվիլին նշել է, որ միայն ժողովուրդը պետք է որոշի՝ ում է հարկավոր վստահել։ Վրաստանում նախագահական հերթական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին։
↧