
«Ճիշտ կլինի, և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթանցերը, որոնցով իրակաանացնելու են այդ կետերը»․ Սերժ Սարգսյան։
Նոյեմբերի 10-ին ՀՀ նախագահն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, որտեղ «Արմենպրես» գործակալության խնդրանքով անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին։
«Ակնհայտ է, որ մենք ուշադրությամբ հետևում ենք ներքաղաքական գործընթացներին, և կրկին ուշադրությամբ արձանագրում ենք բոլոր այն առաջարկությունները, բոլոր այն հարցադրումները, որոնք կարելի կլինի իրականացնել և դրա արդյունքում մեկ լավ բան կատարել։ Ընդհանրապես իմ հորդորն է, իմ մոտեցումն է իմ կուսակցական գործընկերներին, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներին, որ այդդպիսի առաջարկությունները, քննադատությունները չընդունեն որպես թշնամական մի բան, փշերով չընդունեն այդպիսի առաջարկությունները, այլ ուշադրությամբ քննությամբ առնեն և զտեն այն օգտակարը, որ կարող է այդտեղ լինել»,- ասել է Սարգսյանը՝ նշելով՝ այդ առումով ամենաշոշափելին խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած 12 կետերն են։
«Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է, և բոլորին է հայտնի, որ կառավարությունը նաև մանրակրկիտ պատասխաններ է ներկայացրել։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն ասում է՝ մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, և սա է, օրինակ՝ այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռևս հնարավոր չէ իրականացնել։ Ինչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթանցերը, որոնցով իրակաանացնելու են այդ կետերը»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մեկ անգամ էլ քննարկելով՝ կառավարությունը միգուցե նոր հայացքով կարող է նայել ողջ փաթեթին։
Սերժ Սարգսյանի՝ «Արմենպրեսին» տված մեկնաբանությունը ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
12 պահանջները
Խորհրդարանական չորս ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», հունիսին 12 կետանոց պահանջ էին ներկայացրել կառավարությանը, որով պահանջում էին (1) վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը և աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին, (2) վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ հավաքված գումարներից պետական բյուջե կատարվող մուտքերի կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, (3) առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը, (4) առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, (5) գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի, (6) հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը, (7) բացառել «Որոտան ՀԷԿ»-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի հավանության, (8) գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը, (9) ընդունել փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու մեխանիզմներ, (10) Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, (11) ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողական գործառույթներով, (12) չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ՝ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:
Ոչ իշխանական ուժերը հոկտեմբերի 1-ը վերջանաժամկետ էին սահմանել իրենց պահանջների կատարման համար։ Կառավարությունը չէր կատարել 12 պահանջները՝ ներկայացնելով իր հիմնավորումները։