«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու մասին ավելի վաղ արված հայտարարությանը:
«Միասնական գրասենյակների ձևավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։
Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»,- ասված է ՀԱԿ հաղորդագորւթյունում:
Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները՝ Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած քաղաքական գործընթացը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը նոյեմբերի 6-ին որոշում էր ընդունել «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու և դրանց կառուցվածքային և կազմակերպչական լուծումներ տալու մասին:
Ոչ իշխանական ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», երևանյան երկրորդ խոշորհանրահավաքն անցկացրել էին հոկտեմբերի 24-ին: