Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպմանը ներկա են գտնվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:
Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
Ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, և արդյունքների մասին զեկուցել իրեն:
Նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Շղարշիկ և Եղնիկ գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Այս երկու գյուղերի ջրամատակարարման համար գործում է մեկ ջրագիծ, որի հետևանքով, Եղնիկի բնակիչների պնդմամբ, արդեն մի քանի տարի է՝ գյուղը ջրամատակարարման լուրջ խնդիրներ ունի: