Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Ռուբլին արժեզրկվել է. ի՞նչ կլինի տնտեսության և Պուտինի վարկանիշի հետ

$
0
0

Dollar-RubleՆոյեմբերի 7-ին Մոսկվայի բորսայում առևտրաշրջանի բացման հենց սկզբում դոլարի և եվրոյի փոխարժեքները սահմանել են հերթական ռեկորդները։ Ռուբլու արժեզրկմանն անդրադարձել են մի շարք հեղինակավոր պարբերականներ: Այս թեմայով միջազգային մամուլի  դիտարկումները ամփոփել է InoPressa-ն, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

«Ռուսաստանի իշխանությունները և Կենտրոնական բանկը մեղադրում են չար «սպեկուլյանտներին» ազգային արժույթի կործանման մեջ, իսկ գործնականում ներդրողները, զգալով Ռուսաստանի լճացած տնտեսության վրա արևմտյան պատժամիջոցների և նավթի գների անկման ազդեցությունը, ռուբլին ավելի ցած են գլորում: Շարքային ռուսաստանցիները ևս գցում են ռուբլին և վախենում ապագայից: Պուտինը կանգնեցրել է Ռուսաստանը տնտեսական անկման ճանապարհին, որը հատուկ է սովետական ղեկավարներին: Մի՞թե նրա վարկանիշը չի տատանվի»,- գրում են լրատվամիջոցները:

Նոյեմբերի 6-ին՝ օրվա մեծ մասի ընթացքում, ռուբլին անփոփոխ ընկել է՝ անցնելով 1 դոլարի համար 45 ռուբլու սահմանը և օրվա առևտրաշրջանի ավարտին հասնելով 46,56 ռուբլի/1 դոլար մակարդակին, հաղորդում է The Wall Street Journal-ը: Այն բանից հետո, երբ ՌԴ ԿԲ-ն հայտարարեց, որ կկրճատի ծախսատար միջամտությունները և թույլ կտա փոխարժեքին ձևավորվել հիմնականում շուկայական ուժերի հաշվին, ներդրողները սկսեցին ակտիվորեն վաճառել ռուսական արժույթը:

Մինչ Կենտրոնական բանկն ասում է, թե ակնկալում է փոխարժեքի կայունացում մոտակա ժաանակահատվածում, ներդրողները, անհանգստացած Ռուսաստանի լճացած տնտեսության վրա արևմտյան պատժամիջոցների և արտահանման հինական առարկա նավթի գների անկման ազդեցությամբ, ռուբլին ավելի ցած են գլորում, ասվում է հոդվածում:

Շարքային ռուսաստանցիները նույնպես շտապում են վաճառել ռուբլին: Ռուսական երկրորդ ամենամեծ՝ VTB բանկը հայտնում է անցած շաբաթվանի վերջից սկսած արտարժույթի նկատմամբ պահանջարկի՝ երեք անգամով մեծացման մասին:

«Ներկայում ռուբլու թուլացումն արժույթի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկի և ռուբլու արժեզրկման ակնկալիքով պայմանավորված դոլարի գնման հետևանք է»,- նշում է Morgan Stanley բանկի տնտեսագետ Ալինա Սլյուսարչուկը:

Մարտին, երբ 1 դոլարի դիմաց հնարավոր էր գնել 36 ռուբլի, Կրեմլի փորձը՝ «համաձայնության գալ» դոլարի հետ՝ սպառնալով ԱՄՆ պատժամիջոցների դեպքում հրաժարվել դրանից որպես պահուստային փոխարժեք, հիմնականում քարոզչություն էր, գրում է Իզաբելլա Կամինսկան The Financial Times-ի բլոգում: Դոլարային պահուստներից Ռուսաստանի կախումը մշտապես եղել է Ռուսաստանի «աքիլեսյան գարշապարը», ոչ թե ԱՄՆ-ինը, այնպես որ, կտրուկ հայտարարությունները միայն հուսահատ քայլեր էին, որոնք նպատակ ունեին կանխել արժութային ճգնաժամերը և թաքցնել փաստը, որ ՌԴ ԿԲ-ն կորցնում է վերահսկողությունը:

Ութ ամիս անց դոլարն արժե 45 ռուբլի, և Ռուսաստանի իշխանությունները հանդես են գալիս նոր ռազմավարությամբ, մասնավորապես՝ մեղադրել չար «սպեկուլյանտներին» ազգային արժույթի և տնտեսության կործանման մեջ, գրում է լրագրողը: Չորեքշաբթի «Ռուսատանի բանկը» հայտարարեց, որ արժութային միջամտությունների իր քաղաքականությունը կհարմարեցնի այնպես, որպեսզի կանգնեցնի կամ ծայրահեղ դեպքում նվազագույնի հասցնի ռուբլու դեմ «սպեկուլյացիաները», և ընդգծեց, որ հնարավոր է՝ անսահմանափակ ծավալով ամերիկյան դոլարներ վաճառի՝ ռուբլին պաշտպանելու նպատակով:

«Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանում անսահմանափակ ծավալով ամերիկյան դոլարներ չկան»,- գրում է հեղինակը:

Մինչդեռ Ռուսաստանում, եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, պետք է սկսվի հիպերինֆլյացիոն ինչ-որ գործընթաց, կարծում է Կամինսկան՝ մեջբերելով APA գործակալության թղթակից Ֆարիդ Աքբարովին. «Ռուսաստանում, հնարավոր է, արգելվի ԱՄՆ դոլարի շրջանառությունը: Համապատասխան օրինագիծը մտցվել է Պետդումա: Եթե այն հավանության արժանանա, Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն մեկ տարվա ընթացքում փակել իրենց դոլարային հաշիվները,  իսկ այդ հաշիվներում պահվող դոլարները փոխանակել ռուսական ռուբլիով կամ այլ երկրների արժույթներով: Այլապես, նրանց հաշիվները կսառեցվեն, առձեռն դոլարները կբռնագրավվեն ոստիկանության, մաքսային, հարկային, սահմանային և ներգաղթային ծառայությունների կողմից»:

«Քանի որ բռնապետությունը Ռուսաստանում շարունակում է ամրապնդվել, նրա ժողովրդավարական ներուժի վերաբերյալ լավատեսությունը հեռավոր հիշողություն է թվում»,- Աննա Բորշչեվսկայան գրում է Forbes-ում՝ պատմելով, թե ինչպես է Բորիս Ելցինը երկու տասնամյակ առաջ ելույթ ունեցել ԱՄՆ Կոնգրեսի առաջ՝ որպես ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահ և «հզոր երկրի քաղաքացի, որն ընտրություն է արել ազատության և ժողովրդավարության օգտին»:

«Այսօր Ռուսաստանի ընտրությունը դժվար է ժողովրդավարական համարել,-ասված է հոդվածում: – Վլադիմիր Պուտինի վարկանիշը կտրուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա 2014թ. մարտին բռնակցեց Ղրիմը, և աջակցության բարձր մակարդակը դեռ գրեթե չի իջնում»:

«Իսկ ի՞նչ տեղի կունենա Պուտինի վարկանիշի հետ, երբ Ռուսաստանի տնտեսությունը կտրուկ անկում ապրի»,- հարցադրում է անում հեղինակը:

«Նավթի գների անկումը և ռուբլու արժեզրկումը, բարձր ինֆլյացիան, կապիտալների արտահոսքը, արևմտյան պատժամիջոցները և կոռումպացված ու լճացած տնտեսության ընդհանուր ֆոնին կառավարության հակվածությունը սոցիալական վճարների նկատմամբ, այս ամենը միասին վերցրած՝ աղետի կատարյալ բաղադրատոմս է»,- նշվում է հոդվածում:

«Պուտինի քաղաքականության նկատմամբ աջակցությունն ավանդաբար հենվում է ցածր դասերի վրա: Իր հերթին, միջին դասը՝ կրթված էլիտան, այն է, ինչ անհանգստացնում է նրան (Պուտինին-ՍիվիլՆեթ): Որպեսզի միջին դասը գոհ մնա իշխանությունից, պետությունն արհեստականորեն բարձրացված աշխատավարձեր է տալիս և այլ բոնուսներ բաժանում: Հենց կառավարությունը չկարողանա ապահովել այդ բոնուսները (նավթի գնանկումը, հավանաբար, իր լուման կունենա դրանում), բացառված չէ, որ այդ խումբը դադարի աջակցել Պուտինին»,-ընդգծում է հոդվածագիրը:

«Եթե ԱՄՆ-ը և Եվրամիությունը քաղաքականությունը նախկին վիճակին վերադարձնելու փորձերի փոխարեն ձգտի Ռուսաստանում ժողովրդավարական զարթոնքի համար երկրորդ հնարավորության առաջացմանը, նրանք պետք է դաստիարակեն հենց այս խմբին,- խորհուրդ է տալիս լրագրողը և նախազգուշացնում,- եթե միջին դասը պուտինիզմի անկումից հետո մերժի ժողովրդավարությունը, կարող է աջակցել խենթ ու արմատական ռուսական ազգայնականությանը, որոնց մարմնավորում են հանդիսանում այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վլադիիր Ժիրինովսկին և Դմիտրի Ռոգոզինը»:

«ՍՍՀՄ-ը կործանվեց ոչ էֆեկտիվ տնտեսության պատճառով. ի վերջո իշխանությունները չկարողացան հասարակությունից թաքցնել մաշտաբային ձախողումը և համոզել նրան, որ բոլոր խնդիրների մեջ մեղավոր է Արևմուտքը»,- հիշեցնում է լրագրողը: Պուտինը սովետական ղեկավարների նման Ռուսաստանը կանգնեցրել է տնտեսական անկման ճանապարհին: «Ինչպես սովետական առաջնորդները կորցրեցին հասարակության աջակցությունը, այնպես էլ, հավանաբար, կկորցնի նաև Պուտինը»,-կանխատեսում է Բորշչևսկայան:

Ռուբլու արժեզրկման և հայկական դրամի վրա դրա հնարավոր հետևանքների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Հայաստանում Forex Club-ի տնօրեն Միքայել Վերդյանի հետ։ Հարցազրույցը՝ ստորև։


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles