Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Ռուսաստանում իրավիճակը մինչև տարեվերջ որոշակիորեն կշտկվի. Forex Club-ի տնօրեն

$
0
0

VerdyanՆավթի միջազգային գնանկման պատճառները, թե´ տնտեսական են, թե´ աշխարհաքաղաքական: ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանում Forex Club-ի տնօրեն Միքայել Վերդյանը:

Վերջին 4 ամիսների ընթացքում նավթի միջազգային գները շեշտակի անկում են ունեցել (մոտ 25-30%-ով նավթի գինն ընկել է՝ մոտենալով 80 դոլար/բարել սահմանագծին): Վերդյանի խոսքով՝  նավթի գնանկման տեմպերից ելնելով՝ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, արդյունահանման կրճատման մասին որոշում կկայացնի դեկտեմբերին կայանալիք խորհրդի նիստին:

Մանրամասնելով գների նվազման պատճառները՝ Forex Club-ի տնօրենը նշել է, որ գնանկման տնտեսական պատճառն այն է, որ համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերը նպաստում են պահանջարկի մակարդակի կրճատմանը:

«Կա ևս մեկ հանգամանք, որը շատ կարևոր է նավթի գների համար՝ ամերիկյան արժույթի կտրուկ արժևորումը շուկայի ամբողջ կտրվածքով: Այսինքն՝ կարելի է ասել՝ դոլարը արժևորվում է գրեթե բոլոր մրցակիցների նկատմամբ, և քանի որ նավթի գները արտահայտված են այդ արժույթով, դոլարի կտրուկ արժևորումը, իհարկե, նույնպես ազդում է նավթի գների վրա: Պետք է նկատել, որ արտարժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխությունը և նավթի գների անկումը գրեթե նույն ժամանակահատվածից՝ հունիսի սկզբից են սկսել»,- ընդգծեց Վերդյանը:

Դիտարկմանը, որ ռուսական ռուբլին արժեզրկվում է այնքան, որքան նավթը միջազգային շուկայում և պատասխանելով հարցին՝ արդյոք դրանում չկա՞ն քաղաքական շարժառիթներ՝ նավթի արտահանումից կախված Ռուսաստանին «ծնկի բերելու», Վերդյանն ասել է. «Այո, իրականում այդպես է. ռուբլին ներկայում պատմական մաքսիմումների վրա է գտնվում [դոլարի փոխարժեքը նոյեմբերի 7-ին գերազանցել է 48 ռուբլին-ՍիվիլՆեթ]: Գրեթե միշտ այդպես է եղել. երբ նավթի գները նվազել են, ռուբլու փոխարժեքը միշտ գտնվել է ճնշման տակ: Դա պայմանավորված է նրանով, որ երբ նավթի գները նվազում են, ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ռուբլու փոխարժեքի անկմամբ կարողանա մեղմի այն արժութային պակասուրդը, որն ինքը կստանա արտարժույթի անկման դեպքում: Եթե նախկինում Ռուսաստանը նավթը վաճառում էր 110 դոլարով և իր ռուբլու 32 փոխարժեքով այդ արժութային ծավալը ներկրում իր դաշնություն, այսօր այդ անկման չափը կազմել է այնքան, ինչքան որ նվազել է նավթի գինը, և ինքը որոշակիորեն փոխհատուցել է ռուսական շուկա մտնող ռուբլու ծավալը, որը չի նվազել: Նվազել է արտարժույթով հասույթը: Ներկայում այդ արտարժույթի հասույթի անկումը Ռուսաստանի համար չի կարող խնդրահարույց լինել, որովհետև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցնում են իր կողմից ներկրման կրճատմանը: Հետևաբար, Ռուսաստանին անհրաժեշտ չէ այդպիսի մեծ ծավալներով արտարժույթ, որպեսզի կարողանա ապահովել ներկրումը և ունենա դրական հաշվեկշիռ: Սա է պատճառը, որ Ռուսաստանի տնտեսությունը այսօր դեռ չի նկատի գների այդպիսի անկումը: Չնայած ռուբլու արժեզրկման հետևանքով առաջացած ներքին խնդիրներին՝ ռուսական կողմը դեռ ստանում է այն հասույթը, որն իրեն անհրաժեշտ է»:

Խոսելով հայկական դրամի վրա ռուբլու արժեզրկման հնարավոր հետևանքների մասին՝ Վերդյանն ասել է. «Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ստացվող հասույթները բավականին կրճատվել են: Հունիսից սկսած՝ ամսական 8-10%-ով դրանք կրճատվել են: Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում փոխարժեքն է ընկնում, ռուբլու ծավալը գրեթե նունն է գալիս, իսկ մեզ մոտ հաշվետվություններում արտարժույթով ներկայացվող ցուցանիշները ավելի քիչ են կազմում»:

Forex Club-ի տնօրենը կարծում է, որ իրավիճակը մինչև տարվա վերջ որոշակիորեն կշտկվի, քանի որ ռուսական կողմը բավականին լուրջ քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր տնտեսությունը պահի կանոնավոր աճի տեմպերի վրա, այդ իսկ պատճառով Հայաստանը դա անպայման կզգա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է Հայաստանի արժույթի փոխարժեքը համեմատաբար կայուն ամերիկյան դոլարի նկատմամբ՝ Միքայել Վերդյանն ողջունել է Հայաստանի կենտրոնական բանկի աշխատանքը: «Ես դա ողջունում եմ այդ՝ որոշակի պահպանողական քաղաքականությունը, որովհետև եթե մենք թողնեինք, որ դրամը նույն տեմպերով անկում ապրեր, ինչպես տեղի է ունենում Ռուսաստանում, դա մեր տնտեսության համար շատ ցավոտ կլիներ»,- ասել է Վերդյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:


Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles