Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Նոր զարգացումներ Աֆրիկյանների դատական գործում

$
0
0
IMG_8311-1-640x345

Աֆրիկյանների շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին

Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 7-ին բավարարել է առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հայցը, որով կազմակերպությունը բողոքարկում էր ոստիկանության և դատախազության որոշումները, ըստ որոնց` գործ չէր հարուցվել «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել էր քրեական գործ հարուցել «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով ԹԻՀԿ-ի հաղորդման հիման վրա, իսկ Երևան քաղաքի դատախազությունը հաստատել էր այդ որոշման օրինականությունը: Կազմակերպությունը բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի և Երևան քաղաքի դատախազության որոշումները, սակայն դատարանը հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը թողել էր առանց քննության:

ՍիվիլՆեթի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, պարզաբանելով նոյեմբերի 7-ի որոշումը, նշեց, որ քրեական դատարանը գործը հետ է ուղարկել առաջին ատյանի դատարան: Իրավաբանը մանրամասնեց, որ դատախազությունը 15 օրվա ընթացքում կարող է վիճարկել քրեական դատարանի այս որոշումը: Բողոքարկման դեպքում` գործը կհայտնվի վճռաբեկ դատարանում, հակառակ դեպքում` կվերադարձվի առաջին ատյանի դատարան, որտեղ մեկ, առավելագույնը երկու ամսվա ընթացքում գործի նոր քննություն կնշանակվի` նոր կազմով:

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին: Այն կառավարության 2004թ. որոշմամբ ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան:

Կառավարության որոշմամբ` Աֆրիկյանների շենքը պետք է ապամոնտաժվեր՝ մեկ այլ վայրում վերակառուցվելու նպատակով: Շենքը ներառված է «Հին Երևան» նախագծում, որը պետք է իրականացվի Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում:

Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման փաստը դժգոհություն էր առաջացրել մի խումբ քաղաքացիների շրջանում: Ստեղծվել էր «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինս պահանջում էր շենքը պահպանել իր տեղում կամ ներառել այն նոր կառուցվող շենքում:

2014թ. հունիսի 17-ին սկսվել էր Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը` առանց մշակույթի նախարարության համապատասխան թույլտվության: Հունիսի 18-ին ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել էին: Հուլիսի 1-ին ապամոնտաժվել էր շենքի ճակատամասը:

ՍիվիլՆեթի` Աֆրիկյանների շենքի պատմությունը վեր հանող տեսանյութը` այստեղ:


Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles