Al-Monitor-ում լույս է տեսել սյունակագիր Փինար Թրեմբլեյի սյունակը՝ «Էրդողանի ծաղրանկարները հեղեղում են Թվիթերը» վերնագրով: Այն կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև:
Թուրք հայտնի ծաղրանկարիչ Մուսա Քարթի համար «դե ժա վյու» էր տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին իրեն հետապնդում է: Քարթի թերթը՝ ձախակողմյան Cumhuriyet օրաթերթը, լուրը հրապարակել է հակիրճ վերնագրով՝ «Նա [Էրդողանը] չի մոռացել կատվի ծաղրանկարը. այժմ նա այդ ծաղրանկարը տանում է դատարան»:
2004թ. մայիսի 9-ին Cumhuriyet օրաթերթը հրապարակել էր Քարթի նկարներից, որում պատկերված էր այն ժամանակվա վարչապետ Էրդողանը՝ որպես կատու, որը խճճվել է թելերի մեջ՝ խորհրդանշելով իմամ-հաթիփ կրոնական դպրոցները: Էրդողանի կատուն ասում էր՝ «Պետք չէ լարվել… Մենք խոստացել ենք գլուխ հանել այս խառնաշփոթից»: Քարթին արդարացրել են մի շարք երկարատև դատավարություններից ու հայցերից հետո: 2005թ. Քարթը հայտնվել է էլ ավելի մեծ միջազգային ուշադրության կենտրոնում՝ ստանալով «Խիզախություն ծաղրանկարչության մեջ» մրցանակը:
Երկրորդ դատական հայցը հարուցվել է այն բանից հետո, երբ Քարթը Cumhuriyet-ում հրապարակել էր անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի ծաղրանկար:
Քարթը դատարան է եկել հոկտեմբերի 23-ին, և նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները: Դատարանում նա հանդես է եկել ազդեցիկ ելույթով. «Ես բազմաթիվ ծաղրանկարներ եմ ստեղծել, սակայն ոչ թե մեկին վիրավորելու, այլ օրվա իրողությունները պատկերելու համար: Մենք անարդարության և անօրինականության ականատես ենք եղել: Այնպես եմ զգում՝ կարծես այժմ ծաղրանկարում ենք: Ծիծաղելի է, որ կոռուպցիայում կասկածվողների վրայից հանվել են բոլոր մեղադրանքները, և ես միակն եմ, որ նստած եմ ասյտեղ՝ որպես մեղադրյալ»:
Երկրի թեժ ազգային օրակարգը հաշվի առնելով՝ Թուրքիայում քչերն են ուշադիր հետևել Քարթի դատավարությանը: Հոկտեմբերի 23-ին, այդուհանդերձ, հեղինակ և ծաղրանկարիչ Մարտին Ռոուսանը Թվիթերում արշավ է նախաձեռնել՝ #ErdoganCaricature հեշթեգով:
Նա խնդրել է աշխարհի ծաղրանկարիչներին սոցիալական մեդիայում ծաղրանկար հրապարակել՝ ի նշան համերաշխության Քարթի հետ: Ռոուսանի կոչը վարակիչ էր: Մեկ շաբաթվա ընթացքում ի աջակցություն Քարթի աշխարհի տարբեր ծայրերից տեղաց ծաղրանկարների տարափ:
Al-Monitor-ը կապ է հաստատել Քարթի հետ, որը չնայած ազգային և միջազգային մակարդակով ունեցած նվաճումներին՝ համեստ նկարիչ է: Նա ասել է, որ Էրդողանի փաստաբանները որոշել են բողոքարկել դատավճիռը: Այսպիսով՝ չնայած Քարթն արդարացվել է, սակայն վճռաբեկ դատարանը կարող է փոխել որոշումը:
Ի տարբերություն Թուրքիայի հիմնական լրատվամիջոցների, որոնք գտնվում են Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանն աջակցող գործարարների վերահսկողության տակ, Թուրքիայի երգիծական ամսագրերը փոքր են և անկախ: Սակայն դա չի նշանակում, որ նրանք պաշտպանված են կառավարական ճնշումից: Անկախ այս հրատարակչություններից շատերը ծանր տուգանքների հետևանքով ներքաշվել են ֆինանսական պայքարի մեջ ու սնանկության հասել: