ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը՝ համայնքի ներկայացուցիչների, ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ:
ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` հուշարձանը կկառուցվի Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և համայնքի համատեղ ջանքերով և կտեղակայվի Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում: Նախագծի աջակիցներից է Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն:
Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը հիմնարկեքի արարողությանը նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը համայնքի տուրքն է անմեղ զոհերի հիշատակին, նաև՝ գալիք սերունդներին իրենց պատմությանը, արմատներին ու հայրենիքին կապող խորհրդանիշ:
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան էլ ասել է, որ հուշարձանի կառուցումը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու, այլև սերունդներին պատմության սև էջի մասին հիշեցնելու և դրա կրկնությունը ապագայում կանխելու համար: