Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Մեր Վրաստան-Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ իր կուսակցությունը լքել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի կազմը:
Ինչպես հաղորդում է Civil.ge-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ալասանիան՝ «Վրացական երազանք»-ի գրասենյակից դուրս գալիս, որտեղ ընթանալիս է եղել կոալիցիայի քաղխորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Մենք չէինք եկել այստեղ Բիձինա Իվանիշվիլիի հետ զրույցի համար»,- ասել է Ալասանիան լրագրողներին:
«Ես ցանկանում էին իրական բանավեճ ծավալել իմ նախկին գործընկերների հետ հասկանալու համար, թե ինչը ստիպեց անել այս քայլը, որին դիմեցին «Ազատ դեմոկրատներ»-ը, որոնք էին պատճառները: Ցավոք, քննարկումներ չեղան: Ամեն դեպքում մենք կարողացանք քաղաքակիրթ ձևով հրաժեշտ տալ միմյանց»,- նշել է Իրակլի Ալասանիան:
Կոալիցիան լքելու հայտարարությունը նշանակում է, որ «Ազատ դեմոկրատներ»-ի խորհրդարանական խմբակցությունը կլքի նաև «Վրացական երազանք»-ի՝ խորհրդարանում ունեցած բացարձակ մեծամասնությունը: Սակայն, դեռ հայտնի չէ՝ կընդունեն արդյոք այսպիսի որոշում խմբակցության բոլոր 10 պատգամավորները։ Նրանց՝ ընդդիմություն անցումից հետո իշխող կոալիցիան 150 հոգանոց խորհրդարանում 73 մանդատ կունենա, և երեք մանդատ չի բավականացնի՝ մեծամասնություն կազմելու համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 4-ի երեկոյան հայտարարել էր պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության մասին: Սրան հաջորդել էր նոյեմբերի 5-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի և նրա բոլոր տեղակալների՝ զբաղեցրած պաշտոնները, ինչպես նաև «Վրացական երազանք» կոալիցիան լքելու մասին որոշումը: Վրացական լրատվամիջոցները Փանջիկիձեի հրաժարականը անակնկալ չեն համարում` նշելով Ալասանիայի հետ նրա բարեկամական կապը. Փանջիկիձեն պաշտպանության նախկին նախարարի կնոջ քույրն է:
Ղարիբաշվիլին Ալասանիայի կուսակցությանը մեղադրել է սաբոտաժի մեջ: «Պաշտոններից ցուցադրական հեռանալը վտանգի տակ է դնում պետությունը և սաբոտաժի է նմանվում»:
Օրերս Վրաստանի պաշտպանության նախարարության աշխատակազմը հայտնվել էր սկանդալում. նախարարության մի շարք աշխատակիցներ հոկտեմբերի 28-ին ձերբակալվել էին շուրջ 2,3 մլն դոլար պետական միջոցների վատնման կասկածանքով:
Ձերբակալվածների թվում էին նախարարության պետական գնումների դեպարտամենտի նախկին պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների պետը, նախարարության պետական գնումների վերահսկողության դեպարտամենտի պետը, նույն դեպարտամենտի գլխավոր մասնագետը: