Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է ապագայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Կա Պուտինի հետ հանդիպման պատրաստակամություն, բայց այն պետք է լավ նախապատրաստել, և մենք պետք է այդ հանդիպմանը կենտրոնանանք արդյունքի վրա»,- ասել է Ղարիբաշվիլին:
Միաժամանակ՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ մոտ ապագայում նման հանդիպում չի ծրագրվում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի հետ հանդիպման պատրաստակամության մասին հայտարարել էր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ըստ որի՝ բանակցությունների գլխավոր թեման պետք է լինեն վրաց-ռուսական հարաբերությունների խնդրահարույց կողմերը, առաջին հերթին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը:
Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վրացական «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե վրացական կողմից համապատասխան ազդակ լինի:
Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաչավարիանին հոկտեմբերի 20-ին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մարգվելաշվիլի-Պուտինի հանդիպումը չեղյալ էր հայտարարվել Վրաստանի կառավարության որոշմամբ: Պուտինը Վրաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման պատրաստակամության մասին հայտարարել էր դեռ Սոչիի Օլիմպիադայի ժամանակ: Ավելի ուշ հայտարարվեց, որ հանդիպման հարցը կարող է քննարկվել 2014թ.մարտի 5-ին երկու երկրների՝ հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող ներկայացուցիչների` Գիորգի Կարասինի և Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպմանը: Սակայն այդ հանդիպումը չկայացավ: Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալքանիանին ապրիլին հայտարարել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպում օրակարգում չկա: