Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս խթանել տնտեսական աճը

$
0
0

IMFԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում 2014թ. կանխատեսում է 2.6% տնտեսական աճ՝ նախկինում կանխատեսած 3.5%-ի փոխարեն: Հոկտեմբերի 31-ին Երևանում հրավիրված ասուլիսին ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը նշեց, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպը դանդաղում է` պայմանավորված ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ ԱՄՀ-ն նվազեցրել է նաև Հայաստանի  2015թ. տնտեսական աճի կանխատեսումը, որն այս պահին գնահատվում է 3.3%։

Արտաքին գործոններ

Արտաքին գործոնների թվում Սանչեսը առաջինը նշեց Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը և ռուբլու արժեզրկումը՝ պայմանավորված այդ երկրի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներով։ Նա ընդգծեց, որ ընդհանուր առմամբ կաղում է նաև համաշխարհային տնտեսության աճը։

«Մի կողմից` կարևոր գործոն է, որ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպը դանդաղում է, մյուս կողմից՝ Եվրամիությունում տնտեսության աճը տեմպ չի հավաքում։ Իսկ սրանք Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են»,- ասաց Սանչեսը՝ ընդգծելով Ռուսաստանից դրամական փոխանցումների կարևորությունը Հայաստանի տնտեսական աճի համար։ Սանչեսը փաստեց, որ դրամական փոխանցումների ծավալը դեպի Հայաստան արդեն նվազել է, ինչը պայմանավորված է ինչպես Ռուսաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացմամբ, այնպես էլ ռուբլու արժեզրկմամբ։

«Հնարավոր է, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած հայերը դեռ աշխատանք ունեն Ռուսաստանում, բայց ռուբլու արժեզրկման արդյունքում այդ փոխանցումների արժեքը դրամային արտահայտությամբ նվազում է»,- նշեց Սանչեսը։

Ներքին գործոններ

Աճը խոչընդոտող ներքին գործոնների թվում ԱՄՀ պաշտոնյան առաջինը նշեց բյուջեի կատարման խնդիրը։ 2013թ․ եղել էր բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարում։ «Բյուջեով նախատեսված են կարևոր ծրագրեր՝  սկսած ենթակառուցվածքներից, ճանապարհներից, դպրոցների հիմնանորոգումից, մինչև Վրաստանի հետ սահմանային անցակետերի բարելավումը։ Ֆինանսական միջոցներն առանձնացվել էին կա՛մ դոնոր կազմակերպությունների, կա՛մ Հայաստանի իշխանությունների կողմից։ Այսինքն՝ այստեղ ֆինանսավորման պակասի խնդիր չկար։ Սակայն պայմանավորված որոշակի տեխնիկական գործոններով՝ այդ ծրագրերը չէին իրականացվում ցանկալի տեմպով»,- ասաց Սանչեսը՝ ընդգծելով, որ 2013թ․ թերակատարումը կազմել էր ՀՆԱ-ի շուրջ 2,5%-ը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ ծրագրերը չեն իրականացվում, պահանջարկը չի ստեղծվում, աշխատատեղեր չեն ստեղծվում և այդ գործունեությունը կարծես չի իրականացվում տնտեսության մեջ։ «Դա է նաև պատճառներից մեկը, թե ինչու Հայաստանում տնտեսության աճը ավելի ցածր է եղել, քան մենք ի սկզբանե կանխատեսում էինք»,- ասաց նա՝ դրական համարելով այն, որ գնաճի մակարդակը ցածր է և չի խաթարում բնակչության գնողունակությունը։ Սանչեսը նշեց, որ  թեև աճը դանդաղում է, սակայն մակրոտնտեսական տեսանկյունից այն կայուն է։

Ինչ պետք է անի կառավարությունը

Սանչեսի խոսքով՝ մակրոտնտեսական տեսանկյունից Հայաստանի տնտեսությունը լավ է կառավարվում, և կառավարությունը հնարավորություն ունի իրականացնելու աճը խթանող քաղաքականություն հաջորդ տարի։  Խոսելով Ազգային ժողովին ներկայացվելիք 2015թ. բյուջեի մասին՝ ԱՄՀ ներկայացուցիչը խորհուրդ տվեց, որ  բյուջեում պետք է ավելացնել պակասուրդը և ավելի շատ միջոցներ ուղղել տնտեսության մեջ, քան հանվում է տնտեսությունից։ 2015թ․ համար պակասուրդը նախատեսված է 2.3%՝ նախկին 2%-ի փոխարեն, ինչը ֆիսկալ խթան է տնտեսության համար։

Երկրորդ կարևոր տարրը, ըստ Սանչեսի, պետք է իրականացվի ծախսերի ավելացման ճանապարհով՝ հատկապես կապիտալ նշանակության ծախսերի։ «Դա անելու շնորհիվ հնարավոր կլինի թափ հաղորդել նշածս բոլոր ծրագրերին, ինչը իր դրական ազդեցությունը կունենա նաև մյուս ոլորտների վրա, և մի կողմից` կխթանի բիզնեսի գործունեությունը, մյուս կողմից՝ կստեղծի անհրաժեշտ ենթակառուցվածքը ապագայի համար»,- նշեց ԱՄՀ ներկայացուցիչը։

Սանչեսն ասաց, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մակարդակը ցածր է (Հայաստանի 2015թ. պետական բյուջեի նախագծով՝ եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33 տոկոս` 2014թ. համար հաստատված 24.05 տոկոսի դիմաց):

Հայաստանի տնտեսական աճը և Եվրասիական միությունը

Թերեզա Դաբան Սանչեսը անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսության հեռանկարներին Եվրասիական տնտեսական միությունում: Նա նշեց, որ ընդհանուր մաքսատուքի հետ կապված կարևոր բացառություն է նախատեսված Հայաստանի համար, որը շատ կարևոր կետ է: Միջին մաքսատուրքը Հայաստանում 3% է, իսկ Եվրասիական միությունում՝ ավելի բարձր՝ Ռուսաստանի տնտեսությունը պաշտպանելու նպատակով։ Սանչեսի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները խիստ տարբերվում են միմյանցից, ուստի Հայաստանի համար շատ կարևոր էր, որպեսզի նույն մաքսատուրքը չկիրառվեր իր համար։ «Խոսքը վերաբերում է շուրջ 750 անուն ապրանքների, ինչը նշանակում է նաև, որ Հայաստանը կկարողանա շարունակել այդ ապրանքների ներմուծումը ավելի ցածր մաքսատուրքով»,- նշեց Սանչեսը՝ ընդգծելով, որ դա կնվազեցնի ազդեցությունը գների վրա, ինչպես նաև կօգնի խուսափել արմատական փոփոխություններից, որոնք հնարավոր է՝ առաջ գան առևտրային հոսքերի փոփոխության հետևանքով: Միության  անդամների միջև մաքսակետերի վերացումը, ԱՄՀ ներկայացուցչի կարծիքով, կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությանը և Հայաստանի արտահանմանը, որը ներկայում կազմում է 300 մլն դոլար։

Սանչեսը կարևորեց նաև այն, որ Հայաստանը մաքսային եկամուտներ է ստանալու Եվրասիական միության ընդհանուր մաքսային մուտքերից։ Ըստ լրատվամիջոցների՝ Հայաստանի համար այդ մասնաբաժինը եղել է 1.13%։ ԵՏՄ-ում հավաքվող ընդհանուր մաքսային մուտքերը կազմում են մոտ 25 մլրդ դոլար։ «Դա նշանակում է, որ Հայաստանը կկարողանա օգտվել կամ մի փոքր մասը այդ մաքսատուրքերի կգա Հայաստան, որը տարեկան շուրջ 250 մլն դոլար է կազմում։ Դրանից պետք է հանենք 50 մլն-ը, որը Հայաստանը ներկայում ստանում է մաքսատուրքերի տեսքով»,- նշեց Սանչեսը՝ ընդգծելով, որ գործարքի արդյունքում Հայաստանը մաքսային միջոցների դրական հոսքեր կունենա։

Սանչեսը նշեց նաև Հայաստանի համար կարևոր խնդիրները, որոնք կարող են լուծում ստանալ Եվրասիական միության կազմում՝ ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգումը, ներմուծվող էներգակիրների գների կայունությունը և այլն:

Բացասական գործոնների թվում Սանչեսը նշեց, որ Հայաստանի տնտեսությունն ավելի ռիսկային կախվածություն կունենա ռուսական տնտեսությունից: Նրա խոսքով՝ չնայած Ռուսաստանի տնտեսությունը հսկայական ներուժ ունի, սակայն մեծապես կախված է էներգակիրների արտահանումից և նավթի միջազգային գներից։ Սա այն մարտահրավերն է, որին պիտի քաջատեղյակ լինենք։

Սյուզաննա Հովհաննիսյան


Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles