Մոսկվայի արբիտրաժային դատարանը Ռուսաստանի գլխավոր դատախազության խնդրանքով վերցրել է «Սիստեմա» բաժնետիրական ընկերությունից «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը պետության օգտին:
«ՌԴ գլխավոր դատախազության հայցը աբողջությամբ բավարարվել է»,- «Ռիա նովոստին» մեջբերում է դատավոր Օլգա Ալեքսանդրովայի խոսքը:
Արբիտրաժային դատարանի վճիռը ուժի մեջ է մտնում մեկ ամսից, եթե այն չբողոքարկվի:
«Սիստեմա» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և 60 տոկոսի բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը սեպտեմբերի 16-ին ձերբակալվել էր։ Նրա նկատմամբ սահմանվել է տնային կալանք։
Հետաքննությունը նրան կասկածում է փողերի լվացման մեջ՝ «Սիստեմա»-ի կողմից «Բաշնեֆտ» ընկերության գնման ժամանակ։ Ըստ քննչական մարմնի՝ 2009թ. ընկերության բաժնետոմսերը գնվել են դիտավորյալ իջեցված գնով՝ 500 մլն դոլար «զեղչով»:
Հուլիսին քրեական գործ է հարուցվել «Բաշնեֆտ»-ի նախկին տնօրեն Ուրալ Ռահիմովի դեմ, որը մեղադրվում է ընկերության վաճառքի ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականամցան մեջ։
Հետաքննության համաձայն՝ Եվտուշենկովը մասնակից է եղել այդ եկամուտների օրինականացմանը։
Գործարարը նախկինում արդեն հարցաքննության էր ենթարկվել Ռահիմովի գործի շրջանակում։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ենթադրությունները, որ Եվտուշենկովի գործում առկա են քաղաքական դրդապատճառներ՝ նշելով, որ նախագահ Պուտինը տեղեկացվել է գործի մասին։
Հուլիսին «Բաշնեֆտ»-ի վաճառքի ժամանակ դրամական միջոցների վատնման և օրինականացման հետաքննության շրջանակում ձերբակալվել է նաև արցախցի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը, որը ներկայում տնային կալանքի տակ է: