Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ի կառավարության նիստում անդրադարձել է «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների փոփոխություններին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:
«Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի: Դա ընդունեք հիմք»,- ասել է վարչապետը` դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցը քննարկվում է բազմաթիվ հարթակներում, և այն հանրությանը շատ է հետաքրքրում:
«Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի»,- հայտարարել է վարչապետը գործադիրի նիստին:
Նոր նախագծի համաձայն` եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը:
Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100-տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է սահմանել մայրության նպաստի վերին շեմ:
Առաջին և երկրորդ երեխայի դեպքում սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի (50 հազ․) 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2,400,000 դրամ), իսկ երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3,500,000 դրամ)։ Գործող օրենքով նպաստի վերին շեմ չկա:
Նախագիծը դեռ ակտիվ քննարկման փուլում է, և ինչպես նշում է սոցիալական ապահովության նախարարությունը, մինչև Ազգային ժողով հաստատման ներկայացնելը օրինագծի շուրջ հանրային քննարկումներ են կազմակերպվում: Հոկտեմբերի 23-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացվել և նամակ էր հանձնվել կառավարությանը, որը խոստացել էր պատասխանել 15 օրվա ընթացքում:
Օրինագծի վերաբերյալ ՍիվիՆեթի անդրադարձը` այստեղ: