Հայտնի լրագրող Ամբերին Զամանն Al-Monitor կայքում լույս տեսած իր վերջին հոդվածում վերլուծել է իրավիճակը թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքում և անդրադարձել տարածաշրջանում ուժերի նոր դասավորությանը: Ամփոփելով վերջին օրերի զարգացումները՝ Ամբերին Զամանը փորձել է պատասխանել հետևյալ հարցին՝ ի՞նչ ակնկալել նոր դաշինքներից: Հոդվածը որոշ կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև:
Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր ռազմական ինքնաթիռները զենք-զինամթերք և դեղորայք են նետել Քոբանի սիրիական քաղաքի մերձակայքում, որն ավելի քան մեկ ամիս է՝ գտնվում է Իսլամական պետություն (ISIS) խմբավորման պաշարման մեջ: ԱՄՆ-ի այս քայլը կարող է մեծ ազդեցություն ունենալ Թուրքիայի, քրդերի և ԱՄՆ-ի միջև տարածաշրջանային հավասարակշռության վրա, ինչը, հնարավոր է, արձագանք ունենա նաև Թեհրանում և Դամասկոսում:
Արդեն մի քանի շաբաթ է՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ռմբակոծում են ISIS-ի դիրքերը Քոբանիի մերձակայքում: Սակայն զենքի մատակարարումը Սիրիայի քրդերի և ԱՄՆ-ի դաշնակցությունը դե ֆակտո բարձրացնում է նոր մակարդակի:
Թուրքիան, որը սահմանակցում է Քոբանիին, Սիրիայի քրդերին օգնելու ամենանպաստավոր դիրքն ունի: Սակայն երկրի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մերժել է Սիրիայի քրդերի շարունակական խնդրանքները թույլատրել Թուրքիայի տարածքով Սիրիայի քրդական անկլավ զենք-զինամթերքի և զինյալների անցումը: Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD), որի ռազմական թևը՝ YPG-ն, Քոբանիում մարտնչում է ISIS-ի դեմ, «նույնն է, ինչ PKK-ն»:
«Դա ահաբեկչական խմբավորում է: Շատ, շատ սխալ կլիներ մեզանից ակնկալել, որ մենք բացահայտ «այո» կասենք մեր ՆԱՏՕ-ի դաշնակից Ամերիկային՝ PYD-ին նման (զինված) օգնություն տրամադրելու հարցում»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը նկատի է ունեցել PYD-ի սերտ կապը Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ, որը Թուրքիայի ներսում ինքնավարության համար պայքարում է 1984-ից ի վեր: PKK-ն ներառված է Պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և ընդհուպ մինչև անցյալ ամիս ԱՄՆ-ի՝ իրար հաջորդող վարչակազմերը հրաժարվել են որևէ առնչություն ունենալ PKK-ի կամ PYD-ի հետ: Սակայն Իրաքում և Սիրիայում ISIS-ի դեմ պայքարում PKK-ի և YPG-ի արդյունավետությունը արմատապես վերափոխել է ԱՄՆ-ի ռազմավարական մտածողությունը: ԱՄՆ-ն ու Սիրիայի քրդերը այժմ դաշնակիցներ են ISIS-ի դեմ պայքարում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ջակարտայում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Օբամայի վարչակազմը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը, այդուհանդերձ, անպատասխանատու և բարոյապես դժվար կլիներ չաջակցել Սիրիայի քրդերին՝ ISIS-ի դեմ վերջիններիս պայքարում:
Քերիի հայտարարությունը հնչել է ժամեր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Քոբանիի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Դրանից որոշ ժամանակ անց լուրեր հայտնվեցին, որ Թուրքիան թույլ կտա իր տարածքով Իրաքի քրդական զինուժի՝ Փեշմերգայի անցումը Քոբանի՝ YPG-ին միանալու և նրան զենք հասցնելու նպատակով:
Ինչպե՞ս եղավ, որ 48 ժամվա ընթացքում Թուրքիան PYD-ին ահաբեկիչներ կոչելուց հասավ նրանց համար միջանցքի բացմանը:
Մինչ վերլուծաբանները մտորում են այս ցնցող փոփոխությունների մասին, ստորև ներկայացնենք դիտարկման արժանի մի քանի գործոն.
- Թուրքիան կարող էր շաբաթներ առաջ աջակցել Քոբանիում ISIS-ի դեմ պայքարող ուժերին՝ թույլ տալով իր տարածքով զենք-զինամթերքի և մարտիկների անցումը: Դա կխթաներ խաղաղության գործընթացը Թուրքիայի և իր քրդերի միջև և կկանխեր Թուրքիայի վարկաբեկումն այն բանի արդյունքում, որ թուրքական տանկերն ու զինվորները նայում էին, թե ինչպես են Սիրիայի քրդերը Քոբանիում մարտնչում ISIS-ի դեմ: Դրանով իսկ ամրապնդվեցին պնդումները, թե Թուրքիան աջակցում է ահաբեկչական այդ խմբավորմանը:
- Փաստը, որ Թուրքիան ստիպված էր միջանցք բացել դեպի Քոբանի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Անկարային տեղեկացրեց , որ շարունակելու է օգնություն մատակարարել Սիրիայի քրդերին, կասկածներ է ավելացնում այն հարցում, թե որքանով է Թուրքիան հակված իր արևմտյան դաշնակիցների հետ համագործակցությանը: Դա նաև ձեռնտու է Էրդողանի ներքին հակառակորդներին, որոնք այժմ կասեն, որ նա Ամերիկայի շնիկն է, և որ ԱՄՆ-ն օգտագործում է PKK-ին Թուրքիային հնազանդեցնելու համար:
- Մեծ հարց է, թե արդյոք վերջին օրերի զարգացումները նշանակո՞ւմ են, որ PYD-ն կհեռանա PKK-ից: Հավանական պատասխանն է՝ PKK-ն կփորձի սերտանալ ԱՄՆ-ի հետ: PKK-ն արդեն հաղորդակցության ալիքներ է ստեղծել ԱՄՆ-ի հետ՝ Սիրիայում PYD-ի միջոցով: PYD-ի և PKK-ի միջև սեպ խրելու ցանկացած փորձ դատապարտված է անհաջողության:
- ԱՄՆ-PKK ցանկացած երկխոսություն քիչ հավանական է դարձնում այն, որ PKK-ն կդադարեցնի բռնությունը թուրքական բանակի դեմ, քանի որ դա կթուլացնի իր հետզհետե մեծացող լեգիտիմությունը: Սակայն Թուրքիան դեռ կարող է իր օգտին ծառայեցնել իրավիճակն ու բարի կամք դրսևորել Սիրիայի քրդերի հանդեպ: Քայլերի թվում՝ PYD-ի վերահսկողության տակ գտնվող Սերքանիյե (Ռաս ալ Այն) քաղաքի հետ փակ սահմանի բացումն է:
- Քրդերը հմտորեն օգտագործեցին մամուլն ու միջազգային հանրային կարծիքը, (որը նրանց պատկերեց որպես տարածաշրջանի աշխարհիկ, արևմտամետ ուժ՝ դեր, որ նախկինում պատկանում էր Թուրքիային) ԱՄՆ-ին Քոբանիի համար պայքարի մեջ ներքաշելու համար: Քոբանիի համար կռիվն այնուհետև դարձավ ISIS-ի և կոալիցիայի միջև հակամարտության խորհրդանիշ:
- Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին թերևս դուր չի գալիս ԱՄՆ-ի համագործակցությունը PYD/PKK-ի հետ, որոնց նա դիտարկում է որպես հակառակորդների: Սակայն, ի տարբերություն Թուրքիայի, նա իրավիճակն օգտագործեց ի օգուտ իրեն՝ ներկայանալով որպես մեծահոգի առաջնորդ, որն օգնել է եղբայր քրդերին նրանց համար դժվար պահի:
- ԱՄՆ-ն օգտագործելու է իր նոր ազդեցությունը PYD-ի նկատմամբ, որպեսզի դրդի քրդերին, որ մերձենան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմացող խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայի ազատ բանակի հետ:
- Արդյոք սիրիական վարչակարգի ու քրդերի միջև չհարձակման վերաբերյալ դե ֆակտո գոյություն ունեցող պակտը վերանո՞ւմ է: Վաղ է խոսել այդ մասին, որովհետև ԱՄՆ-ը պնդում է, որ Սիրիայում իր ռազմական միջամտությունը սահմանափակվում է ISIS-ի դեմ պայքարով:
- Իսկ ի՞նչ կարելի է ասել PYD-ի մեկ այլ գլխավոր շահառու Իրանի մասին: Արդյոք նրա բարեկամությունն ԱՄՆ-ի հետ կզայրացնի՞ հոգևորականությանը: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն ու Իրանը կկարողանան համաձայնության գալ վերջինիս միջուկային ծրագրի շուրջ: Բանակցությունների ձախողման դեպքում PKK-ն կարող է վերածվել ԱՄՆ-ի քաղաքական գործիքի, որը կօգտագործվի Իրանի դեմ:
- Մերձավոր Արևելքում որևէ դաշնակցություն պետք չէ ընդունել որպես ինքնընստինքյան ենթադրվող մի բան: