«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավճռին՝ նշելով, որ Հարությունյանին և նրա ընկերներին այսուհետն ՀԱԿ–ը հայտարարում է քաղբանտարկյալներ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին, ընդ որում՝ նրանցից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության և տարրական բորոյական և իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռը իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահամանում» թիվ 1900 բանաձևի երրորդ կետը ձևակերպում է քաղաքական բանտարկյալ սահմանելու չափանիշները: Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձևի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:
Ելնելով վերոշարադրյալից՝ Հայ Ազգային Կոնգրեսը Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին,Ալբերտ Մարգարյանին, Սևակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանին, ԱվետիսԱվետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին այսուհետև ճանաչում է քաղաքական բանտարկյալ և հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Դա նաև կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը»:
Հոկտեմբերի 17-ին ավարտվեցին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական լսումները, հրապարակվեցին դատավճիռները: Շանթ Հարությունյանը դատապարտեց վեց տարվա ազատազրկման, նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ չորս տարվա պայմանական ազատազրկման։ Շանթ Հարությունյանի համախոհներ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց վեց, Ալեք Պողոսյանը՝ չորս, Արմեն Հովհաննիսյանը` երկու, Ավետիս Ավետիսյանը և Լիպարիտ Պետրոսյանը` հինգ, Մկրտիչ Հովհաննիսյանը` չորս, Տիգրան Պետրոսյանը` մեկ, Վահե Մկրտչյանը` յոթ, Վարդան Վարդանյանը` հինգ, Սևակ Մնացականյանը մեկուկես, Հայկ Հարությունյանը չորսուկես տարվա ազատազրկման, իսկ Միսաք Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի:
Շանթ Հարությունյանը և նրա համախոհները մեղադրվում էին 2013թ. նոյեմբերին հասարակական կարգը խախտելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։