Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան խոստացել է, որ Թբիլիսին «ագրեսիվ արտաքին քաղաքական քայլերով» կպատասխանի Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության նոր պայմանագրի կնքմանը: ԻՆչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, Ալասանիան նման հայտարարություն է արել Անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհրդի նիստին:
«Մենք կսկսենք շատ ագրեսիվ արտաքին քաղաքական քայլեր իրականացնել»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ դա ենթադրում է Վրաստանի ակտիվությունը արտաքին ասպարեզում:
Վրաստանի պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ քաղաքական ակտիվության ծրագիրը կմշակվի մինչև նոյեմբերի 20-ը, և դրա իրականացման գործընթացում կներգրավվեն բոլոր պետական գերատեսչությունները:
Ավելի վաղ Վրաստանի իշխանություններն արդեն իսկ սուր քննադատությամբ էին հանդես եկել ռուս-աբխազական պայմանագրի նախագծի դեմ` այդ նախաձեռնությունն անվանելով «ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանն ուղղված լուրջ սպառնալիք»:
Հոկտեմբերի 13-ին Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանի հետ «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագրի նախագիծ, որով նախատեսվում է Աբխազիայի՝ տնտեսության, սոցիալական և կրթական ոլորտում ռուսական չափորոշիչների մոտեցում, ինչպես նաև միասնական հրամանատարությամբ միացյալ զորամիավորումների ստեղծում:
Օրինագծով նախատեսվում է Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորամիավորումների ստեղծում արտաքին ագրեսիային դիմակայելու և սահմանների համատեղ պահպանության համար: Ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարը նշանակվում է Ռուսաստանի կողմից, և զորամիավորումը ռազմական պատրաստվածության մատակարարման և դրամական ապահովման միասնական չափորոշիչներ կունենա, որոնց պետք է հասնել երեք տարում, ընդ որում՝ այս ամենի համար վճարելու է Ռուսաստանը: