Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, այցելել է «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա ընկերներին: Այս մասին ասված է պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Այսօր «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հանդիպեցի քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին:
Մեծ լիցքեր ստացա նրանց հետ շփումներից. բոլոր տղաներն առանց բացառության՝ ամուր կանգնած են քաղաքացիական պայքարի իրենց դիրքերում»,- գրել է նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 17-ին ավարտվեցին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական լսումները, հրապարակվեցին դատավճիռները: Շանթ Հարությունյանը դատապարտեց վեց տարվա ազատազրկման, նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ չորս տարվա պայմանական ազատազրկման։ Շանթ Հարությունյանի համախոհներ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց վեց, Ալեք Պողոսյանը՝ չորս, Արմեն Հովհաննիսյանը` երկու, Ավետիս Ավետիսյանը և Լիպարիտ Պետրոսյանը` հինգ, Մկրտիչ Հովհաննիսյանը` չորս, Տիգրան Պետրոսյանը` մեկ, Վահե Մկրտչյանը` յոթ, Վարդան Վարդանյանը` հինգ, Սևակ Մնացականյանը մեկուկես, Հայկ Հարությունյանը չորսուկես տարվա ազատազրկման, իսկ Միսաք Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի:
Շանթ Հարությունյանը և նրա համախոհները մեղադրվում էին 2013թ. նոյեմբերին հասարակական կարգը խախտելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։