Վարչապետը հոկտեմբերի 6-ին հանձնարարել է ֆինանսների նախարարին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը 2014թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015թ. փետրվարի 1-ը:
Համաձայն կառավարության հաղորդագրության` փոքր ու միջին ձեռնարկությունների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Վարչապետը հանձնարարել է նաև քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Օրենքը, որը վարչապետի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, առաջացրել է, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Նախքան դրա ուժի մեջ մտնելը փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հարցով արտահերթ նիստ էին հրավիրել սեպտեմբերի 30-ին, սակայն այն չկայացավ քվորումի չապահովման պատճառով: