Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Դավութօղլուն՝ «անիրագործելի առաքելության» առա՞ջ

$
0
0
Al-Monitor կայքում լույս է տեսել սյունակագիր Ջենգիզ Չանդարի հոդվածը՝ «Դավութօղլուն՝ «անիրագործելի առաքելության» առա՞ջ» վերնագրով: Ո՞վ է Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պատրա՞ստ է արդյոք նա դառնալ նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խամաճիկը»: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:  «Վարչապետ Դավութօղլուն և հեղափոխությունը Թուրքիայում…»: Սա Yeni Safak օրաթերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլի՝ օգոստոսի 22-ին լույս տեսած հոդվածի վերնագիրն է. օրաթերթը կառավարության նվիրյալ բարձրախոսներից է: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կտանի դեպի 2015թ. համընդհանուր ընտրություններ: ԱԶԿ-ն, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ 2002թ. ի վեր ընտրություններում հաղթանակներից կախվածություն ունի, առաջին անգամ փորձության կենթարկվի նոր նախագահի գլխավորությամբ, որը, չնայած ընտրյալ է, սակայն չունի այն խարիզման և գրավչությունը, որին տիրապետում է իր նախորդը: Քարագյուլը մեծ վստահություն ունի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի գլխավորած Թուրքիայի ապագայի հանդեպ: «Նոր Թուրքիան կարգախոս չէ, ոչ էլ քաղաքական ներկայացում: Նոր Թուրքիան կատարյալ վերափոխման նախագիծ է՝ 100-ամյա դադարից հետո: Դա նոր երկիր կառուցելու սկիզբն է…. Դավութօղլուն կլինի այս մեծ նախագծում Էրդողանի հետևում կանգնած շարժիչ ուժը: Մենք խոսում ենք մի կառուցվածքի մասին, որը ավարտին կհասցնի հեղափոխությունը Թուրքիայում»: Նույն օրը ազդեցիկ ընդդիմադիր օրաթերթ Cumhuriyet-ում լույս տեսավ մեկնաբանություն՝ միջազգային մամուլի փորձառու խմբագիր Ջեյդա Քարանի հեղինակությամբ: Այն գրվեց Քարագյուլի հետ բանավեճ խրախուսելու նպատակով: Հոդվածը վերնագրված էր «Սուլթանի Մեծ վեզիրը. հետևում մնացած ավերակներն ու 49 պատանդները»: Պարզ է, որ «սուլթանը» վերաբերում է Էրդողանին, «մեծ վեզիրը»՝ նոր վարչապետ Դավութօղլուին, որը, որպես արտգործնախարար, իր հետևում թողեց ավերակներ ու պատանդներ՝ «Իսլամական պետության» (IS) ձեռքին:  Քարանն սկսել է իր հոդվածն այսպես. «Նոր Թուրքիայի նոր վարչապետը, որը եղել է կառավարության ամենաանհաջող նախարարը, արտաքին այն քաղաքականության գլխավոր ճարտարապետն է, որը Թուրքիան հասցրել է անդունդի եզրին: Եթե հրաշք տեղի չունենա, Դավութօղլուն, որը մեծ ներդրում է ունեցել նրանում, որ իր պանիսլամիստական էքսպանսիոնիստական հավակնություններով Մերձավոր Արևելքը խեղդեց արյան մեջ, շուտով կզբաղեցնի վարչապետի աթոռը»: Գրեթե անհնար է ընդհանուր եզրեր գտնել երկու այս հոդվածների միջև, որոնք ցայտուն կերպով վկայում են  Թուրքիայի ապագայի և նրա առաջնորդների հարցում երկու տարբեր ընկալումների միջև չկամրջվող անդունդի մասին: Դավութօղլուն, չնայած գյուղական համեստ ծագմանը, միջնակարգ լավ կրթություն է ստացել Գերմանիայում, ապա ուսանել Թուրքիայի լավագույն համալսարաններից Բողազիչիում, որտեղ, ի թիվս այլ առարկաների, սովորել է նաև անգլերեն: Ավելի ուշ Հորդանանում՝ Ամմանում, նա սովորել է արաբերեն: Դավութօղլուի գիտական կյանքը սկսվել է Մալայզիայում:  Նա երբեք անուն չի հանել գիտական Թուրքիայում, բացառությամբ 1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին իսլամիստական նեղ քաղաքական շրջանակներում: 2000-ականների առաջին տասնամյակում, երբ Դավութօղլուն մտավ քաղաքականություն, նրա «Ռազմավարական խորություն» գիրքը դարձավ միջազգային հարաբերությունների և պատմության հարցում նրա տեսակետների հիմնական հղման աղբյուր: Նրան սկսեցին վերաբերվել որպես մեծ գիտնականի, երբ նա դադարեց զբաղվել գիտությամբ և ներգրավվեց քաղաքականության մեջ: Հենց Աբդուլլահ Գյուլն էր և ոչ Էրդողանը, որ Դավութօղլուին մեծապես մեկուսացած ինտելեկտուալ տիրույթից բերեց քաղաքական կյանք: 2002թ. նոյեմբերյան ընտրություններում ԱԶԿ-ի առաջին հաղթանակից անմիջապես հետո Գյուլի առաջին գործողություններից մեկն այն էր, որ Դավութօղլուին նշանակեց «արտաքին քաղաքականության հարցերով հատուկ խորհրդական»՝ «դեսպան» կոչումով: 2003թ. փոխարինելով Գյուլին՝ Էրդողանն ստանձնեց Դավութօղլուի հանդեպ խնամակալությունն ու պահպանեց նրա պաշտոնը: Էրդողանը սկսեց Դավութօղլուին «հոջա» անվանել, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «ուսուցիչ»՝ ի նշան հարգանքի նրա գիտական որակների և ոչ այնքան քաղաքական ունակությունների հանդեպ: 2009թ. Դավութօղլուն նշանակվեց արտգործնախարար, իսկ երկու տարի անց՝ 2011թ., համընդհանուր ընտրություններում նա ընտրվեց խորհրդարանի պատգամավոր: ԱԶԿ-ի իշխանության առաջին տասնամյակում Դավութօղլուն ճանաչվել է որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետ: Նրա՝ «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը դարձավ տարածաշրջանում Թուրքիայի՝ որպես ծագող ուժի գաղտնաբառ: Այդուհանդերձ՝ այդ քաղաքականությունը միջազգային հարթակում դժվարությամբ ընդունվեց, քանի որ նման հավակնությունները որակվեցին «նեո-օսմանական»՝ նպատակ ունենալով վերակենդանացնել Օսմանյան կայսրության նախկին փառքն ու ազդեցությունը: Միջազգային հարաբերությունների ասպարեզում Թուրքիայի նոր կերպարի գաղափարը ինքնավստահություն ներշնչեց Թուրքիայի հասարակության որոշակի հատվածների, ինչն էլ նպաստեց ընտրություններում ԱԶԿ-ի հաջողություններին: Այս ամենը, թվում է, կարճ կյանք ունեցավ: 2012-ից ի վեր Թուրքիայի հաջողությունները սկսեցին փոխվել: Պարզվեց, որ Թուրքիան խնդիրներ ունի յուրաքանչյուր հարևանի հետ, բացառությամբ Էրբիլում քրդական վարչակազմի հետ: Հավակնոտ արտաքին քաղաքականություն հետապնդող կառավարության համար անբացատրելի իրավիճակ է չունենալ դեսպաններ Կահիրեում, Դամասկոսում և Թել Ավիվում: Ավելին՝ Անկարայի հարաբերությունները Բաղդադի, Ռիադի և Թեհրանի հետ նույնպես խնդրահարույց են: «Զրո խնդիրներ հարևանների հետ» սկզբունքը վերածվեց «ոչ մի հարևան՝ առանց խնդրի» սկզբունքի, և Դավութօղլուն՝ որպես արտաքին քաղաքականության վարող, քննադատների կողմից մեղադրվեց անհեռատես, միամիտ և չափազանց գաղափարական լինելու մեջ: Բազմաթիվ քննադատների, այդ թվում՝ Էրդողանի կողմից, Դավութօղլուն համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ձախողումների գլխավոր մեղավոր:  Որքան էլ հակասական է, հենց դա կարող էր նրան օգնած լինել, որ նորընտիր նախագահ Էրդողանի կողմից ընտրվեց որպես վարչապետի պաշտոնում իրավահաջորդ: Թուրքիայի նման երկրներում սխալներն ու ձախողումները կարող են որպես առաջընթացի շարժիչ ուժ ծառայել: Նոր պաշտոնում Դավութօղլուն կունենա միանգամայն այլ կերպար, քան իր նախորդն էր: Ի տարբերություն օժտված ճարտասան Էրդողանի, որը կարող է լինել շատ խարիզմատիկ իր բոցաշունչ ելույթների շնորհիվ, Դավութօղլուն ունի ավելի մեղմ և անմիջական կեցվածք: Էրդողանի կողմից Դավութօղլուի ընտրության հետ կապված մյուս պարադոքսն ու հեգնանքն այն է, որ նոր վարչապետի կարևոր առաքելություններից է լինելու այն, որ վարչապետի դերը պակաս կարևոր դարձնի: Դա է պահանջում Էրդողանը, և իսկական նվիրվածությունը նրան պահանջում է կյանքի կոչել այս առաջադրանքը: Այդուհանդերձ՝ Դավութօղլուն բավական հավակնոտ մարդ է, որը հնարավոր է՝ չփոխվի այնպես, որ ընկալվի որևէ մեկի «խամաճիկը», եթե նունիսկ «տիկնիկավարը» Էրդողանն է: Որպես մեկը, որ կերտել է ինքն իրեն, կարո՞ղ է նա հրաժարվել սեփական «ես»-ից:   Անկասկած, նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի գլխավորությամբ՝ Թուրքիան կբացի նոր էջ և կթևակոխի նոր փուլ:

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles