Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

«Իսլամական պետության» վտանգը և Թուրքիան

$
0
0
Թուրքական Taraf թերթում տպագրվել է Թուրքիայում հայտնի լրագրող Ամբերին Զամանի  հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է Mashable էլեկտրոնային պարբերականում հայտնված տեղեկությանը, թե Անկարայից 14-ամյա մի տղա անդամագրվել է «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Ամբերին Զամանն անդրադառնում է Mashable-ի հրապարակած նյութին և քննում տարածաշրջանում տիրող դրությունը: Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև: Թուրքիայում կատարվող իրադարձությունների մասին կրկին արևմտյան մամուլից ենք տեղեկանում: «Իրաքի ու Շամի իսլամական պետության» զինյալները հասել են մինչև Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Այն, ինչ Անկարայի Հաջըբայրամ պատմական թաղամասի վերաբերյալ պատմում է Mashable հանրահայտ էլեկտրոնային պարբերականը, պարզապես ահասարսուռ է: Անկարայից 14 տարեկան մի երեխա զինվորագրվում է «Իսլամական պետությանը» և վիարավորվելով կազմակերպության զինյալների կողմից` թողնվում է սահմանին: Mashable-ն Անկարայում հանդիպում է այդ երեխայի հորը: Վերջինս մեղադրում է Թուրքիայի կառավարությանը, որ մարդկանց տանում է ջիհադականների մոտ: Երեխայի հայրը լացակումած ձայնով ասում է. «Ինչպե՞ս է լինում, որ 14 տարեկան երեխան առանց անձնագրի կարողանում է հատել սահմանը»: Եվ մեկ հարց. ինչո՞ւ Հաջըբայրամ: Քաղաքի վերակառուցման ծրագրերը հարվածում են նաև Հաջըբայրամին: Զբոսաշրջիկների համար հաստատություններ, գույնզգույն խանութներ սարքելու համար Հաջըբայրամը վերածվում է իսկական գետոյի: Գործազրկության հետ մեկտեղ աճում է նաև հանցագործության մակարդակը: Մի «արմատական իմամ», որի անունը չի նշվում, աշխատանքներ է իրականացնում Հաջըբայրամում զինյալներ հավաքագրելու ուղղությամբ: Ամենաքիչը 100 հաջըբայրամցի երիտասարդ «Իսլամական պետությանն» անդամակցելու նպատակով մեկնել է Սիրիա: Այս երկրում քանի՞ Հաջըբայրամ կա: Այս հարցի պատասխանն ամենաառաջինը պետք է փնտրի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Հունիսի 10-ին «Իսլամական պետության» զինյալների կողմից գերեվարված Մոսուլի հյուպատոսության աշխատակիցները ե՞րբ պետք է ազատվեն: Հայտնի՞ է որևէ մեկին: Իշխանությունը գրաքննում էր մամուլը և դատապարտում ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետության» դեմ ուղղված օդային հարվածները` պատճառաբանելով, թե գերիները կտուժեն: Սակայն, մյուս կողմից, լուրեր էին հրապարակում, թե իրենք երկար ժամանակ ճնշում են գործադրել ԱՄՆ-ի վրա, որպեսզի այդ երկիրը միջամտի տեղի ունեցող իրադարձություններին: Դրությունն այսպիսին է. տարածաշրջանում Թուրքիայի ամենամոտ ռազմական գործընկերը համարվող Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլը «Իսլամական պետության» վերահսկողության տակ անցնելու եզրին է: Սակայն վտանգի պահին օգնության ես հասնում Իրանն ու ԱՄՆ-ն և ոչ թե Թուրքիան, դրան գումարած` նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղը` «Ժողովրդական պաշտպանության ջոկատները»: Վերջինս կարողացավ փրկել Սինջարի լեռներում մնացած 20 հազար եզդիների, թուրքմենների, քրիստոնյաների ու նրանց անվտանգ վայրեր տեղափոխել` դառնալով տարածաշրջանի աստղը և միջազգային մամուլի սիրելին: Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները քրդական զինուժի հետ մեկտեղ «Իսլամական պետության» ձեռքից վերցրին Մահմուր գյուղաքաղաքը: Հերթը Սինջարինն է: Ամենևին չպետք է զարմանալ, ԱՄՆ-ն, որ տարածաշրջանում հզոր դաշնակից է փնտրում, առանց Անկարայի հավանական առարկությունները հաշվի առնելու` «Իսլամական պետության» դեմ պայքարում սկսի համագործակցել Իրանի և «Ժողովրդական պաշտպանության ջոկատների» հետ:

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles