Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 30-ին, ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: Հանդիպմանը ՀՀ նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել, որ Եվրամիությունը տարբեր մակարդակներով իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Նախագահի խոսքով՝ նման մոտեցման գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ անցած ավելի քան երկու տասնամյակում այդ խումբը կուտակել է զգալի փորձ և ինստիտուցիոնալ հիշողություն: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ: Նախագահը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը չի ընդունում այդ սկզբունքները, թեև հայտարարում է հակառակը: Սերժ Սարգսյանի խոսքով, այդ իսկ պատճառով է, որ Ադրբեջանը սադրանքներ է հրահրում և մեծացնում լարվածությունը շփման գծում, մշտապես մերժում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, Մինսկի խումբն այդ գործընթացում ընդամենը միջնորդ է, որն իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը:
↧