«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Մոսկվայում կալանավորված արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի ճակատագրի հանդեպ Հայաստանի իշխանությունների «քար լռությունը», ինչպես նաև կոչ անում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությանը իրենց բողոքի ձայնը բարձրացնել գործարարի հանդեպ կիրառվող հակաիրավական, անմարդկային գործողությունների առնչությամբ: «Ժառանգության» հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մամուլի տեղեկացմամբ՝ կտրուկ վատացել է «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրում գտնվող հայ գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մարդ, ով միշտ կանգնած է եղել Արցախի Հանրապեության պետականաշինության ակունքներում և մինչ օրս իր ազգանվեր գործունեությամբ նպաստում է հայության առջև ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարմանը: Նրա անազատության մեջ գտնվելը՝ ելնելով առողջական վիճակից, հակասում է ինչպես Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավական նորմերին: Այս հանգամանքը, ինչպես նաև վերջին տարիներին Հայրապետյանի ծավալած հանրային գործունեությունը՝ կապված հայկական երկու պետությունների ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների հետ, հիմք են տալիս եզրակացնելու, որ մի քանի օր առաջ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ, որն իր հերթին դիտարկում ենք որպես Արցախի կայացմանը խոչընդոտող լրջագույն հարված: Դատապարտելով հայտնի բարերարի ճակատագրի հանդեպ ՀՀ դե ֆակտո իշխանությունների քար լռությունը, որը ևս մեկ անգամ փաստում է նրանց անգործունակությունը և ՀՀ քաղաքացու նկատմամբ անտարբեր, քամահրական վերաբերմունքը, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց բողոքի ու ցասումի ձայնը բարձրացնել Լևոն Հայրապետյանի հանդեպ կիրառվող հակաիրավական, անմարդկային գործողությունների առնչությամբ և անել հնարավոր ամեն բան՝ օր առաջ նրան ազատություն վերադարձնելու համար: Դա բոլորիս պատվի ու արժանապատվության հարցն է»: Լևոն Հայրապետյանըձերբակալվել էր հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները․ վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար։ Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր գործարարին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը։ Բացի այդ՝ դատարանը կալանքի տակ էր դրել ռուսական «Բաշնեֆտ» ընկերությունում նրա բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին։ Հուլիսի 21-ին Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել էր նրան կալանքի տակ պահելու որոշումը։ Հայազգի գործարարը կասկածվում է ապօրինի կերպով ձեռք բերված փողերի լվացման և վատնման մեջ: Նախաքննությունը Լևոն Հայրապետյանին կասկածում է 2009թ. Ուրալ Ռախիմովի «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի գործում ունեցած մասնակցության մեջ։ Ռախիմովը երեք տարի կառավարել է «Բաշնեֆտը» «ԱՖԿ Սիստեմա» ընկերությունների խմբի միջոցով։ Հուլիսի 24-ին քննչական կոմիտեն պաշտոնական մեղադրանք էր առաջադրել: Ինքը՝ Հայրապետյանը, իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակում: Պաշտպանությունը հուլիսի 21-ին բողոքարկել էր նրան կալանքի տակ պահելու` Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանի որոշումը։
↧