Հուլիսի 6-ին պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ: Վերջինս դրվատանքով է խոսել արգենտինահայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, ոչ միայն մեծ, այլև ազդեցիկ համայնք է և մեծ դեր ունի հայ-արգենտինյան կապերի սերտացման գործում։ Սերժ Սարգսյանը ևս մեծապես կարևորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է: Նրա խոսքով՝ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առևտրատնտեսական հարաբերությունների վրա: Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ, ինչպես նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ: Նա այցելել է Սան Մարտինի հրապարակ և ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որից հետո այցելել է Բուենոս Այրեսի քաղաքապետարան, հանդիպում ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ: Պաշտոնական այցի շրջանակում կայացել է նաև հանդիպում Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ: Ի պատիվ Սերժ Սարգսյանի տրվել է նաև պաշտոնական ճաշ: Նախատեսված է նաև նրա հանդիպումը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով Հարավային Ամերիկա է մեկնել հուլիսի 5-ին: Հուլիսի 6-8-ը նա պաշտոնական այցով Արգենտինայում է, հուլիսի 8-10-ը պետական այցով կլինի Ուրուգվայում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիում:
↧