Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16994

Գագիկ Հարությունյանը բորենի տեսած կա՞

$
0
0
«Իշխանության միջին օղակներում բորենիների համաստեղություն է տիրում»,- Արմավիրում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Եթե չեմ սխալվում, այս մարդու քույրը իշխանության միջին օղակի պաշտոնյա է՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: Այսինքն, լավ կիմանա՝ ով է բորենին, ով՝ ոչ: Սակայն ՍԴ նախագահը, մեղմ ասած, բլթցրել է բորենիների մասով՝ նրանք աղբահավաք կենդանիներ են և հազիվ թե մեր իշխանությունների ախորժակն ունենան: Սրանք, այսինքն, մեր իշխանությունները երբեք աղբի վրա չեն գնացել: Միջին օղակներին բորենիներ անվանելուց առաջ Գագիկ Հարությունյանը ապահովագրել է բուրգի վերևում գտնվողներին՝ վերին էշելոններում մարդիկ զգաստ են: Ինքն էլ էդ վերին օղակներից է: Այսինքն, էստեղ էլ մի բան գիտի: Փորձենք անուն առ անուն հասկանալ, թե ով է զգաստ: Այսինքն, ով բորենի չէ: Սկսենք Գագիկ Հարությունյանից: Մարդ, որը 20 տարի պաշտոնավարել է այս Սահմանադրության պայմաններում և միայն այսօր հայտարարում է, որ այն իշխանակենտրոն է: Հարց՝ դու ինչո՞վ էիր զբաղված այդ ընթացքում: Ճիշտ է՝ ապահովել ես իշխանության անխաթարությունը: Որովհետև երբեք իրական իշխանություն չես եղել: Որովհետև պոչդ իշխանությունների ոտքի տակ է: Ինչ-որ պահից հասկացել ես, որ այլ կերպ պաշտոնավարել հնարավոր չէ, թուլացել ես և հաճույք ստացել այդպիսի իշխանությունից: Վկա՝ քրոջդ պաշտոնավարումը, վկա՝ որդուդ ներկայությունը իշխանության միջին օղակում՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում: Իսկ թե ինչքան է կոռումպացված դատախազության համակարգը, կարող են ասել Գևորգ Կոստանյանը և Սերժ Սարգսյանը: Ով է հաջորդ բորենին (հերթականությունը պատահական է)՝ Գևորգ Կոստանյանը: Մարդ, որը պաշտոնավարումից հետո հայտարարեց՝ իմ օրոք ոչ մի անմեղ մարդ չի դատապարտվել: Հասկացա՞ք՝ մարդիկ դատապարտվում են իրավացիորեն, իսկ կոռուպցիան մեկ քայլ չի նահանջում: Էլ չասեմ, որ իմ գոյություն չունեցող եղբայրն է առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետը և ես եմ իմ 100 հազար դրամանոց աշխատավարձով Ծաղկաձորում դղյակ կառուցել: Մյո՞ւսն ով է՝ Սերժ Սարգսյա՞նը: Չի կարելի այս մարդուն «մեղադրել» որևէ բորենիության մեջ՝ շրջանցելով նրա եղբորը և փեսային: Այսինքն, ինքն իրենով վերին էշելոնի այս ներկայացուցիչը «միայնակ բորենի» չէ, հատկապես, որ այս կենդանիները երբեք միայնակ չեն լինում (բծավորների մեջ, սակայն, պատահում է): Հենց նրանք են կանգնած «ազգային ազատագրական» բորենիության գլխին, նրանք են ոգևորել Գագիկ Հարությունյանին, Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Խաչատրյանին, Գևորգ Կոստանյանին և այլոց այս երկիրը համլետյան մի սրինգ սարքելու մեջ, որի վրա ով ինչպես ուզում, նվագում է: Այնպես որ Գագիկ Հարությունյանը փորձել է խոսել ըստ էության, բայց սխալ հասցեով: Նա իրեն համարել է վերին էշելոն՝ այնտեղ տեղավորելով մարդկանց՝ առանց որոնց միջին օղակը մոծակ է, ոչ թե բորենի: Գագիկ Հարությունյանը փորձել է հասկացնել, որ Հայաստանը հեռացել է չինովնիկության խորհրդային դպրոցից, որտեղ բորենիները հենց ամենավերևում էին: Նա, գոնե ինքն իրեն հաշիվ տվե՞լ է, թե ինչու՞ է մինչև հիմա պաշտոնավարում Միհրան Պողոսյանը, որը պետական բյուջեի հետ իր խարդավանքներով չի զիջում իշխանության գլխավոր գանձապահին՝ Գագիկ Խաչատրյանին: Հաշիվ տվել է, դրա համար էլ միջին օղակներից վերև չի բարձրանում: ՍԴ նախագահն իրականում սահմանել է մարդկային բորենիությունը և բարեբախտաբար դրանից անձեռնմխելի են մնացել իսկական, կենդանական աշխարհի բորենիները: Իսկ մարդկային բորենիությունը կենդանականից տարբերվում է նրանով, որ առաջինը կարող է իրեն տեսնել հայելու մեջ, կարող է ժպտալ սեփական երեխաներին, կարող է ուղերձներ հրապարակել ազգային տոների ժամանակ և, հարկ եղած դեպքում, «մի կտոր հաց ուտել» ի հեճուկս քրեական օրենսգրքի: Գագիկ Հարությունյանն իր արևին առակաբանել է, որպեսզի հասարակությանը կերցնի մարդկային բորենիության ամենամեծ աղբը՝ սահմանադրական բարեփոխումները: Ի դեպ, կա՞ մեկը, որ ՍԴ նախագահի ձեռքից կբռնի և կտանի կենդանաբանական այգի, որպեսզի էդ մարդն այնտեղ գոնե բծավոր բորենի տեսնի:

Viewing all articles
Browse latest Browse all 16994

Trending Articles