Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում մայիսի 21-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը: Վերոհիշյալ պատվո նշանով դեսպան Ազնավուրը պարգևատրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` 2014թ. հունիսի 2-ի հրամանով: Շառլ Ազնավուրը 1995-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009-ին Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ:
↧