Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16990

Երևան ջէկը կանգնեցրել են վերանորոգման նպատակով

$
0
0
Երևան ջէկի համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի մոտ երկու ամիս տևող կապիտալ վերանորոգման համար կծախսվի մոտ 25 մլն դոլար։ Երևանի ջէկի համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանը հունիսի 3-ից հուլիսի 29-ը կանգնեցվել է կապիտալ վերանորոգման։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։ Հարությունյանի խոսքով՝ ըստ տեխնիկական բնութագրերի և պահանջների, շոգեգազային ցիկլով աշխատող բլոկը կապիտալ վերանորագում պետք է անցնի չորս տարին մեկ։ «Կապիտալ վերանորոգման աշխատանքների ծախսերը գնահատված են 10 մլրդ դրամ, որից մի մասն առևտրային բանկից ներգրավված փոխառու միջոցներ են»,- նշեց նախարարի խոսնակը։ Կապիտալ նորոգման աշխատանքների իրականացման համար վարկային միջոցների ներգրավման համար Երևան ջէկի գույքի գրավադրումը կառավարությունը թույլատրել էր հունիսի 4-ի նիստում։ Շոգեգազային ցիկլով 242 ՄՎտ դրվածքային հզորությամբ էլեկտրակայանը շահագործման է հանձնվել 2010թ.։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի 250 մլն դոլար վարկային միջոցներով։ Միջոցները ներգրավվել էին 0,75% տարեկան տոկոսադրույքով և 40 տարի մարման ժամկետով (որից 10 տարին՝ արտոնյալ)։ Երևան ջէկը էլեկտրաէներգիա է արտադրում հիմնականում հայ-իրականակ «գազ-էլեկտրաէներգիա» սխեմայով։ Իրանից ներկրված յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց ջէկը վերադարձնում է 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա, այն դեպքում երբ կայանը 1 խմ գազից արտադրում է մոտ 5 Կվտ/ժ։ Էժան ավելցուկային էլեկտրաէներգիան իրացվում է ներքին շուկայում։ Թեև Երևան ջէկի դրվածքային հզորությունը բավարարում է ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու համար, վերջին տարիներին նվազում են Իրանից ներկրվող գազի ծավալները։ Այսպես, 2013թ. իրանական գազի ներկրման ծավալները կրճատվել են 17%-ով՝ կազմելով 404 մլն խմ, այս տարվա առաջին եռամսյակում՝ ևս 26%-ով՝ մինչև 93 մլն խմ։ Այս տարվա առաջին եռամսյակում ջէկն արտադրել էր 427մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա կամ 2,7%-ով պակաս անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 62,5%-ն արտահանվել է Իրան։ Երևան ջէկի մոտ երկու ամսով դադարը բացասաբար կազդի Հայաստանի էներգետիկ ընդհանուր համակարգի, այդ թվում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վրա։ Բանն այն է, որ կապիտալ վերանորոգման շրջանում ներքին պահանջարկում առաջացող ճեղքվածքը լրացվելու է ՀրազՋԷԿ-ի էլեկտրաէներգիայով, որը թանկ է մոտ երեք անգամ։ Եթե Երևան ջէկի էլեկտրաէներգիայի 1 Կվտ/ժամի սակագինը կազմում է 20 դրամ է, ապա ՀրազՋԷԿ-ում այն 59,47 դրամ է։

Viewing all articles
Browse latest Browse all 16990

Trending Articles