Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման պաշտոնական արարողությանը կմասնակցի նաև Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Գերագույն ռադայում Պորոշենկոյի երդման արարողությանը Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը կմասնակցի: Նա վերադառնում է Ուկրաինա»,- ասել է Կարասինը: Նա նաև նշել է, որ Զուրաբովը կմասնակցի արարողության միայն պաշտոնական մասին: ՌԴ ներկայացուցիչը չի մասնակցի կայանալիք ընդունելությանը: Ուկրաինայի ԱԳՆ տվյալների համաձայն՝ հրավերներ են ուղարկվել Եվրամիության անդամ-երկրների ղեկավարներին, մի շարք եվրոպական պետությունների, ԱՄՆ-ին, Կանադային, Կովկասի երկրներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Պորոշենկոյի երդման արարողությանը մասնակցելու մասին ոչինչ չկա: Հատկանշական է, որ, ինչպես փոխանցում է BBC-ն, ֆրանսիական TF1հեռուստաալիքին և «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցներում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի ընտրված նախագահի հետ հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակի առիթով կազմակերպված տոնակատարությունների ընթացքում: Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին: Ռուսաստանի արտգործնախարարությունը փետրվարի 23-ին կանչել էր Ուկրաինայում իր դեսպանին՝ Մոսկվայում խորհրդակցություններ իրականացնելու համար՝ «կապված Ուկրաինայում իրադրության սրման և ստեղծված իրավիճակի համապարփակ վերլուծության անհրաժեշտության հետ»:
↧