Հանրապետական պատգամավորները անպատժելիության այնպիսի բարձունքներ են նվաճում, որպիսին միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդն է թույլ տալիս իրեն: «Հարկատու» հասկացությունը մեր երկրում այդպես էլ քաղաքացիական ինստիտուտի մաս չդարձավ: Նույնիսկ քաղաքացիությունը ոչինչ չի նշանակում: Ասում են` Տիգրան Սարգսյանը կոմֆորտ շատ էր սիրում և չէր ուզում, որ իր վայելքասիրությունը հրապարակային թեմա դառնա, ուստի Ազգային ժողովը փոխեց «Գնումների մասին» օրենքը և պետական բարձրաստիճան պաշտոնյաների կոմֆորտը կրկին մտցրեց յոթ փակի տակ: Ասենք, թե Տիգրան Սարգսյանը չէր սիրում: Հետո՞: Կամ ինչպես դասականը կասեր` և՞: Տիգրան Սարգսյանն օրենքի հետ կապ ունի, որպես հետողորմյա: Բայց ոչ` շահագրգիռ անձ: Նշանակում է` օրենքի հետ կապ ունի գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը և Գալուստ Սահակյանը: Նշանակում է` թաքցնելու ավելի շատ բան կա, քան Տիգրան Սարգսյանի օրոք էր: Նշանակում է` հիմա բյուջեի հերը մի ուրիշ ձև են անիծելու: Եվ հետևաբար, նշանակում է, հիմա կամ երբեք: Այսինքն, կամ հիմա պիտի հեռանան այս մարդիկ, կամ երբեք չեն հեռանալու: Երբեք չեմ սիրել «հիմա» կարգախոսը, որովհետև այն էքսպրեսիվ է: Բայց վերջին փոփոխությունը, որն արեցին օրենքում, հենց այն մասին է, որ իշխանությունն այլևս կապանքներ չունի: Եվ տրամաբանական է, որ կապանքներ չունի: Նրա կապանքները քանդվեցին հենց այն պահից, երբ Տիգրան Սարգսյանի հրաժարականին հասած քառյակը մտավ Ագռավաքար և չպահանջեց ԱԺ նոր ընտրություններ… որի արդյունքում Տիգրան Սարգսյանի օրենքները շարունակում են ապացուցել իրենց «կենսունակությունը» ՀՀԿ-ական վերնախավի համար: Հանրապետականը ժամանակակից աշխարհի միակ հիվանդությունն է, որը նաև օրենքներ է գրում: «Ագռավի» իրավունքով պետք է վստահեցնեմ` ավելի վատ օրենքներ են գալու Ազգային ժողով: Եվ չի լինելու այնպես, որ ՀՀԿ-ն գոնե մեկ ակնթարթ պատժի կամ պատասխանատվության զգացում ունենա: Չի զգալու: Բայց դա ամբողջ սարսափը չէ: Սարսափելին այն է, որ չի սխալվելու: Այսինքն, ոչ թե չի սխալվելու, այլ չի լինելու այնպես, որ նրա ձեռքը բռնեն: Հայաստանը հյուծվել է այս կուսակցության ձեռքը: Մարդիկ պարտադիր կուտակայինի շրջանակներում «կամավոր» բյուջե են «գործուղում» իրենց վերջին կոպեկները, որոնք սահուն գնում են դեպի ՀՀԿ-ի առօրեական վայելքները: Ի՞նչ անի ՀՀ քաղաքացին: Այս հարցի պատասխանը ես չունեմ: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանի հիմնական խնդիրը կյանքի երևութականությունն է: Այսինքն, այս երկրում դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե ապրում են: Մարդիկ, որոնք համոզված են, որ իրենց ձայնը լսելի է: Մարդիկ, որոնց բավարարում են տրանսֆերտները: Հյուծված մարմնի ամենատեսանելի մասը ոսկորներն են` վկա Օսվենցիմի և Գուլագի կալանավորները: Նրանք տարիներով կրել են ստրկությունը, քանի դեռ չեն մեռել: Հայաստանում քիչ չեն սոված երեխաները, ծերերը: Մարդիկ սոցիալական պատճառներով ինքնասպանություն են գործում, մի մասը նույնիսկ գրություն չի թողնում, քանի որ հպարտ է, չի կարող ասել, թե ինչու է դիմում այդպիսի քայլի: Եվ նա էլ ինքնասպանությունից մեկ վայրկյան առաջ ապրած մարդ է: Սա է Հայաստանի հիմնական խնդիրը` «Գնումների մասին» օրենքի փոփոխությունները ա՛յլ Հայաստանի իրականություն են, ինքնասպանությունից առաջ շնչած օդը` ա՛յլ իրականություն: Հայաստանի քաղաքացին կարիք ունի սրանք զատորոշելու: Որպեսզի երևակի փասը, որում ինքը գտնվում է: Հայաստանի` կոնյակ չխմող քաղաքացին երբեք չի մտածում, որ Գալուստ Սահակյանի խմած կոնյակը «Գնումների մասին» օրենքի շրջանակներում գնած կոնյակն իրենից են քամել: Ինքը կոնյակ չի խմել, հասկանու՞մ եք, դրա համար նման բան մտքով չի անցնում: Ինքը իշխանության ամբողջ շքեղությունը մի սենյակում չի տեսել, դրա համար չի մտածում, թե դա իր թափանցիկ ոսկորներից արտածծված շքեղությունն է: Եվ խնդիրն այն չէ, որ նա շտապ պետք է կոնյակ խմի կամ այդ սենյակում գտնվի իրենից քամածը մտքով անցկացնելու համար: Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացին պատասխանատու չէ: Որովհետև պատասխանատվությունը իշխանության և քաղաքացու կատարած ծախսերի իրական հաշվապահն է, պատասխանատվությունը «Գնումների մասին» օրենքի հիմնական էջն է, եթե ՀՀ քաղաքացին այդ էջի յուրաքանչյուր տառն է:
↧