«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ահազանգում է մայիսի 13-ին Մաշտոցի պուրակում (մայիսի 13-ին պուրակը վերանվանվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ) բերման ենթարկված Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնության կիրառման և Սաֆարյանի առողջական վիճակի վատացման մասին: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Հենց նոր լուր ստացանք, որ ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը: Նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, այդ վիճակում պահել են շուրջ 5 ժամ, որից հետո Գևորգի վիճակը կրկին վատացել է և հիմա կանչվել է երկրորդ շտապ բուժօգնությունը»: Ոստիկանները Երևանի Մաշտոցի պուրակի տարածքից մայիսի 13-ին` ժամը 12:15 սահմաններում, բռնի ուժով հեռացրել և բերման էին ենթարկել մի քանի քաղաքացու: Քաղաքացիները ցանկանում էին ներկա գտնվել Մաշտոցի պուրակի անվանափոխության միջոցառմանը և իրենց դիրքորոշումն արտահայտել այդ կապակցությամբ: Մի շարք քաղաքացիներ, որոնք 2012-ին պայքարում էին Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ, ներկայում դեմ են պուրակի վերանվանմանը: «Մե´նք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները մայիսի 12-ին բաց նամակ էին հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին` պահանջելով չմասնակցել Մաշտոցի պուրակի վերանվանման միջոցառմանը:
↧