Վախճանվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը, հաղորդում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին Երևանում։ 55 տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956թ.): Վաթսուն տարիների բեմական գործունեություն է վարել նույն թատրոնում, ունի 150-ից ավելի դերակատարումներ` Սիմա` (‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››), Մարիետա` (‹‹Բայադերա››), Կոլոմբինա` (‹‹Վենետիկյան երկվորյակներ››), Լիքսենա` (‹‹Պարերի ուսուցիչը››), Նունուֆար` (‹‹Հին հիվանդություն››), Մարթա` (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Ժաննա` (‹‹Ռոզ Մարի››), Նատա` (‹‹Սոֆիկի սխալը››), Դիաննա` (‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››), Ռոզալյա` (‹‹Չանիտայի համբույրը››), թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից Ռոզը` (‹‹Տաքսի-տաքսի››): Երևանի պատվավոր քաղաքացի է: Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների` «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից` «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»: 2009-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել ‹‹Ծիծաղի թագուհի›› տիտղոսը: 2011-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
↧