ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 22-ի հարցազրույցը ոճով էականորեն տարբերվում է նրա նախորդ հարցազրույցներից: Քոչարյանը առաջին անգամ բաց տեքստով գնահատականներ է տալիս անձամբ Սերժ Սարգսյանին և նրա գործունեությանը: Հարցազրույցի գլխավոր թեման սահմանադրական փոփոխություններն են, սակայն ակնարկներն առավելապես ներքաղաքական և ոչ թե իրավական հարթությունում են: Սահմանադրական փոփոխությունների դեմ Քոչարյանի բերած երեք փաստարկները տրամաբանական են և հիմնավորված. 1. «Չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը»: 2. «Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ»: 3. «Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա»: Հակափաստարկները շարադրելուց հետո Ռոբերտ Քոչարյանը եզրահանգում է անում. «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը միտում է տեսնում, որ գործող նախագահը փորձում է սահմանադրական նորմերով սահմանափակել նախկին նախագահների վերադարձի հնարավորությունը և զուգահեռաբար լուծել իշխանության վերարտադրության խնդիրը: Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի, դիտարկել է իրեն ուղղված նախազգուշացում և շատ հստակ պատասխանել, որ մեկ անձի համար երկու ժամկետով հանրապետության նախագահ ընտրվելու սահմանափակման ընդուման դեպքում «նման լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող, և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»: Իսկ Ռոբերտ Քոչարյանը երբևիցէ չի հայտարարել, որ իշխանության վերադառնալու մտադրություն չունի: Քոչարյանը հայտարարում է, որ ներկա քաղաքական լանդշաֆտում նախորդ նախագահները դերակատարություն ունեն, և այդ դերակատարությունը հակադրվում է Սերժ Սարգսյանի շահերին: Իսկ այդ դերի հիմքում մեծ հավանականությամբ կարող է ընկած լինել իշխանության վերադառնալու նպատակը: Ռոբերտ Քոչարյանի մյուս կարևոր ակնարկը վերաբերում էր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս հասցեին դրականորեն արտահայտվելով՝ նա փորձում է ցույց տալ, որ կառավարության հասցեին իր քննադատություններն ինքնանպատակ չեն եղել, այլ եղել են կառուցողական: Իսկ ամենակարևորը՝ դրական գնահատականով նա Հովիկ Աբրահամյանին սահուն կերպով տարանջատում է Սերժ Սարգսյանից: Այդ ֆոնին երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանին կարծես գնահատում է ոչ ադեկվատ և իրականությունից կտրված, որը չի տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին: Այսպես, նախ հարցազրույցի սկզբում նա նշում է, որ երկրում «առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել», իսկ Սերժ Սարգսյանը փոխանակ այդ խդիրները լուծի, զբաղված է սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության վերարտադրման խնդիրը լուծելով: Այնուհետև, անդրադառնալով գործող նախագահի դրական գնահատականներին՝ Տիգրան Սրագսյանի կառավարության գործունեությանը, նշում է, որ այդ կառավարության գրանցած «արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ»: Իրավիճակը ոչ ադեկվատ գնահատելու մասով Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանք և նրա իշխանությանը տրվող հստակ գնահատական կա նաև հարցազրույցի վերջում. «Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»: Ռոբերտ Քոչարյանը երեբևէ անվանական ու ուղղակիորեն կոշտ քննադատություն չէր հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին: Հ.Գ. Հատկանշական է, որ ամբողջ հարցազրույցի մեջ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի մասին խոսելիս ընդամենը մեկ անգամ է օգտագործում նախագահ ձևակերպումը, մնացած բոլոր դեպքերում օգտագործում է «նա», «նրա» դերանունները:
↧