Երեկ Քրիստոսի Հրաշափառ Հարության օրն էր: Մի քանի օր առաջ Սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանին ուղղված շնորհավորական տեքստ էին հրապարակել` Ձեր անուն-ազգանունն արդեն խոսք է, իսկ էությունը` զգացմունք: Հիմա ձեզ պատմեմ իմ երազանքներից մեկը: «ԳՈՒԼագ Արխիպելագը» կարդալուց հետո երազել եմ ապրել 1937 թվականին: Հազիվ թե այդ տարիներին իշխանության մասին իմ ընկալումները լինեին այսօրվանը: Բայց դա չէր խանգարի, որ ես ձերբակալվեի: Եվ խոշտանգվեի: Հերոս լինելու մասին մտածելն իսկ ավելորդ կլիներ: Նշանակում է` պետք է մատնեի իմ ընկերներին, հարկ եղած դեպքում մարդկանց, որոնց ոչ միայն դեմքով չգիտեի, այլև գոյության մասին չէի էլ ենթադրում: Իմ երազանքի էությունը հետևյալն է` ինչպիսի մատնիչ կլինեի ես: Քաշս վերջին 20 տարում 49-50 կիլոգրամը չի գերազանցել: Պատկերացրեք, որ խոշտանգում են այդ ծավալի մարդուն: Կամ` կհասցնեի՞ն խոշտանգել: Արդյո՞ք ես անմիջապես չէի ստորագրի ցանկացած մատնություն, որն ինձ դեմ կտային: Մտածելով 1937-ի մատնիչների մասին ինձ միշտ անիրավված եմ զգացել էն մտքից, որ բազումք ապրել են այդ օրերը ու չեն դիմացել, իսկ ես ահա ապրում եմ այլ օրեր, երբ ոչ մեկին մատնելու, Սիբիր քշելու, խոշտանգելու կամ գնդակահարելու սպառնալիք չկա: Հրանուշ Հակոբյանին ուղղված «շնորհավորանքի» նամակը կարդալուց հետո որոշ տարակուսանք ունեմ` արդյո՞ք շատ հեռու եմ ապրում 1937-ից: Կայքում այլ շնորհավորանքներ էլ կան այդ բովանդակության, բայց դրանք նախարարության աշխատակիցներ չեն: Ինչո՞ւ են նախարարության աշխատակիցներն այդպիսի «շնորհավորանք» ստորագրել: Ի՞նչ են մտածել նրանք: Բնականաբար մտածել են աշխատանքը չկորցնելու մասին: Բնականաբար մտածել են, որ չկա այդպիսի իշխանություն, որը Հրանուշ Հակոբյանին հեռու կպահի իրենցից: Նրանք իրենց աչքի առաջ ունեն այդ կնոջ կոմերիտական, կոմունիստական և անկախ Հայաստանի բոլոր տարիների անցյալը, երբ Հրանուշ Հակոբյանը ձիու վրա է: Նշանակում է՝ գիտեն, որ Հրանուշ Հակոբյանն իրենց փողոց շպրտող է: Եվ ապահովագրվել են: Ի՞նչ է մատնությունը` ապահովագրություն: Քրիստոսի մատնիչն իրեն ապահովագրել է 30 արծաթով: Սփյուռքի նախարարության աշխատակիցները` փողոց չշպրտվելու հեռանկարով, որի մեջ է նաև «30 արծաթը»` աշխատավարձը: Նշանակում է, նրանք ունեն պետության մի «տեսլական», որտեղ դրության տեր է Հրանուշ Հակոբյանը, ոչ թե իրենց ընդունակությունները, պրոֆեսիոնալիզմը: Այսինքն, սա մի երկիր է, որտեղ հույս չկա առանց այդպիսի նամակների: Մայր է Հրանուշ Հակոբյանը, ոչ թե պետական ծառայող: Իոսիֆ Ստալինն իրեն համարում էր ժողովուրդների հայր, որպեսզի իր հանդեպ մարդկանց ստրկամտությունն ընկալվեր որդիական վերաբերմունք: Իսկ զոհերը համարվեին ճշմարիտ ճանապարհից շեղված «անառակ որդիներ»: Ռումինիայի բռնապետ Չաուշեսկուի կինը` Ելենան, պաշտոնական տիտղոս ուներ՝ ազգի մայր: Նրա մասին ռումին պոետները ձոներգեր էին գրում. «Նման է մի աստղի, որը փայլում է մեկ այլ աստղի կողքին (ամուսինն է – Մ.Ա.), և լուսավորում է Ռումինիայի հաղթական ուղին»: Հրանուշ Հակոբյանի մեջ ապրում են Ելենա Չաուշեսկուի «գեները», ընդհանուր անցյալն իրենն արել է: Նա Սփյուռքի նախարարությունում ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ անիմաստ է դարձել այս օրերի Հայաստանը, այս օրերի հայր կամ զավակ, մայր կամ դուստր լինելը: Նա վերականգնել է իր փոքրիկ 1937-ը: Նրա հայրը,-թող հողը թեթև լինի նրա վրա,- եղել է աթեիզմի դասախոս ԵՊՀ-ում: Բայց Ստալինի մահից մեկ տարի հետո ծնված Հրանուշ Հակոբյանը հողին է հավասարեցրել ուրիշների 1937 թվականը հաղթահարած տատիկների և պապիկների ժառանգներ լինելու փաստը: Կին, որը թույլ չի տալիս, որ մյուսները պարզապես վաստակեն իրենց երեխաների հացը: Նրանք պետք է ստրկաբար հասնեն այդ հացին: Հայաստանն այսօր ունի իմ «երազանքի» որդիները և դուստրերը, այսինքն, մարդիկ, որոնք պատրաստ են մատնել, քծնել, սողալ: Այսինքն, նրանց համար Հայաստանը 1937-ից մինչև 2014-ը ոչ մի քայլ չի արել, նա դոփել է տեղում: Եվ Քրիստոսի Հրաշափառ Հարությունն էլ չի եղել, որովհետև ստորագրել նման նամակ, նշանակում է փողոց շպրտել «այլև բանիվ»-ը: Նշանակում է՝ մեռնել չեն ուզում ոչ մի գնով: Նշանակում է՝ այս Հայաստանը մահ է բուրում ի դեմս Հրանուշ Հակոբյանի, և նրանք որոշել են մեռնել ըստ էության, միայն թե հացը չպակասի: Աղոթենք, որ նրանք իրենց հաշիվ տան, թե այսօր ինչու է Մեռելոց:
↧