Վրաստանի և Ռուսաստանի ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կհանդիպեն՝ երկու երկրների միջև կանոնավոր ուղիղ չվերթների վերականգնման հետ կապված հարցերը քննարկելու համար: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքով՝ ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները ապրիլի 16-ին Պրահայում քննարկվել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Ավելի վաղ՝ մարտի 25-ին, ՌԴ ԱԳ հատու ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ «Վրաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը զուգահեռ հնարավորություն է ստեղծվել ժամանակավոր չվերթներից անցնելու կանոնավորի»: «Մոսկվայում երկու երկրների ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը ցույց տվեց, որ լուրջ խոչընդոտներ չկան»,-ասել է նա: – Ցավոք, հետագայում դադար տեղի ունեցավ, բայց եթե վարչությունները կրկին ակտիվանան, ապա հանարավոր կլինի շատ արագ վերականգնել կանոնավոր չվերթները Վրաստան»: Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթները դադարեցվել են 2008թ.: 2010թ. վրացական Airzena Georgian Airlines ավիաընկերությունը սկսեց առաջին չարթերային թռիչքները Թբիլիսիի և Մոսկվայի միջև, իսկ 2011թ.-ից Վրաստանի և ՌԴ-ի մի շարք քաղաքների միջև չարթերային թռիչքներ իրականացնում են վրացական և ռուսական մի քանի ավիաընկերություններ:
↧