Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ապրիլի 19-ին առաջարկել է Դոնեցկում հաջորդ շաբաթ կլոր սեղան անցկացնել երկրի շրջանների ներկայացուցիչների, ցուցարարների և բոլոր խմբակցությունների անդամների հետ, հաղորդում են նախկին վարչապետի կողմից ղեկավարվող «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունից: Ապրիլի 18-ի Դոնեցկ այցելած Տիմոշենկոն հայտարարել է, որ բանակցություններ է անցկացրել ցուցարարների հետ և կարող է հաստատել՝ «փոխզիջումը հնարավոր է»: Նախկին վարչապետն առաջարկել է, որ «կլոր սեղանի շուրջ առաջին անգամ նստեն նրանք, ովքեր ներկայացնում են արևելքում վարչական շենքերը զբաղեցրած բոլոր խմբերը, որպեսզի այդ սեղանի շուրջ լինեն նաև մտավորականներ, Արևմտյան և Կենտրոնական Ուկրաինայից հեղինակավոր մարդիկ և, իհարկե, բոլոր խմբակցություններից քաղաքական գործիչներ՝ լսելու, հասկանալու և վերջապես մարդկանց շահերին համապատասխան ապրել սկսելու համար»: Տիմոշենկոն նաև ընդգծել է, որ երկրի հարավում և արևելքում խնդիրները պետք է լուծել երկու ճանապարհով: «Առաջին հերթին, անխոս, պետք է իրականացնել ժնևյան պայմանավորվածությունները: Հուսով ենք, որ դա կարվի Ռուսաստանի կողմից, իսկ մյուս կողմից` պետք է ուղիղ, ազնիվ, բաց երկխոսություն վարել Ուկրաիանայի հարավի և արևելքի այն մարդկանց հետ, որոնք զգում են, որ տեղի ունեցած հեղափոխությունը իրենց արդարության, պաշտպանվածության և հավասարության զգացում չի տվել»,- ասել է Տիմոշենկոն: Ժնևում ապրիլի 17-ին տեղի ունեցած Ուկրաինայի հարցով քառակողմ բանակցությունների ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն` Ուկրաինայում իրավիճակի լարումը կանխելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Ուկրաինայի արևելքում ապրիլի սկզբից լարված իրադրություն է։ Ռուսամետ տրամադրություններ ունեցող խմբերը շարունակում են Ուկրաինայի արևելքի տարբեր քաղաքներում իրենց վերահսկողության տակ պահել կառավարական շենքեր։ Ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էերկրի արևելքում՝ Դոնեցկի մարզի հյուսիսում, հակաահաբեկչական գործողություն է սկսվել։
↧