Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ, որոնցով բարձրացվող հարցերի ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացվում, ասված է քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514 – 187, 514-236 հեռախոսահամարներին 2379 հեռախոսազանգ է ստացվել: Քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ: Եղել են նաև դեպքեր, երբ, կախված հարցի բովանդակությունից, քաղաքացիներն ուղորդվել են տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն: Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նշված ժամանակահատվածում ստացվել է 518 հեռախոսազանգ, որոնք ստացել են իրենց համապատասխան լուծումները: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծին ստացված շուրջ 7500 զանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված 157 հարցերն անմիջապես ընթացք են ստացել: Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտադիտարկումներ են անցկացվում հեռախոսազանգերի, դրանց տրվող պատասխանների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ:
↧