Ապրիլի 7-ին Թբիլիսիում մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի շաբաթը, որին մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Շաբաթը կմեկնարկի «Ճանապարհ դեպի ՆԱՏՕ. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների փորձը» խորագրով, որին ելույթով հանդես կգան Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև Լիտվայի, Էստոնիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններ և այլք: ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում ապրիլի 8-ին տեղի կունենա նաև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցության մասին գրքի շնորհանդես, Վրաստանի բանակի մասին ցուցահանդես և այլ միջոցառումներ: Շաբաթը կավարտվի ապրիլի 16-ին: Անցած շաբաթ Բրյուսելում տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը: Ապրիլի 2-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նիստի շրջանակում Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ պատրաստ չէ ասել՝ կկարողանա սեպտեմբերին Վրաստանին և ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող մյուս երկրներին առաջարկել անդամակցության գործողությունների ծրագիր:
↧