Շուտով կձևավորվի երևանյան նոր կառավարությունը: Արցախի համար հայաստանյան կառավարության դերը մի քանի նշանակություն ունի: Ամենակարևորը, սակայն, գլխավոր դոնորի և գլխավոր վարկատուի նշանակությունն է: Տիգրան Սարգսյանի կառավարությունը, օրինակ, Արցախի իշխանությունների համար «գտած» էր, քանզի նույնիսկ տնտեսական ճգնաժամի ծանր տարիներին, երբ ՀՀ տնտեսությունն աննախադեպ անկում էր ապրում և կրճատվում էին բյուջետային հատկացումները բոլոր ոլորտներում, աճել էին միայն Արցախին տրվող միջպետական վարկի գումարները: Տիգրան Սարգսյանի կառավարության Արցախին ուղղած հատկացումները շռայլ էին, վերջին օրինակը ս.թ. մարտի 13-ի որոշումն էր, որով 1 միլիարդ դրամով ավելացվել էր Արցախին տրվող միջպետական վարկի եռամսյակային գումարը: Սակայն գլխավորը ոչ թե գումարների չափն է, այլ դրանց նկատմամբ հսկողության բացակայությունը: ՀՀ իշխանություններն ամբողջովին վստահում են Արցախի իշխանություններին և Ստեփանակերտ փոխանցվող գումարների ծախսման վրա որևէ վերահսկողություն չեն սահմանում: ՀՀ կառավարությունն այս առումով, հավանաբար, աշխարհի ամենաանփույթ վարկատուն է: Ծախսերի նկատմամբ վարկատուի կողմից վերահսկողության բացակայությունը, արցախյան հասարակության կողմից ստեփանակերտյան կառավարության նկատմամբ հսկողության թույլ լծակներն էլ ապահովում են ամբողջովին անարդյունավետ կառավարում՝ համեմված կոռուպցիայով և վատնումներով: Ավելին, Արցախի կառավարությունը, շնորհիվ Երևանից եկող գումարների, պահում է բյուջետային աշխատողների մեծ բանակ՝ աշխատավարձի ձևով նրանց բաժանելով հանրային միջոցները: Այս վարքագիծը հատուկ է հեշտ փողեր ստացող կառավարություններին, ինչպիսիք են նավթից և այլ ռեսուրսներից մեծ շահույթներ ստացող երկրների գործադիր մարմինները: Սա լուրջ մարտահրավեր է երկրի տնտեսության համար և երկարաժամկետ կտրվածքով արգելակում է երկրի զարգացումը: Կարելի է պնդել, որ Արցախի կառավարության անարդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ կառավարության անփույթ պահվածքով: Արցախին անվերադարձ տրվող ՀՀ հարկատուների գումարի փոխարեն ՀՀ իշխանություններն Արցախի կառավարությունից առնվազն արդյունավետություն պետք է պահանջեին: Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որը պատմության մեջ կմնա երկնիշ տնտեսական աճից հետո երկնիշ տնտեսական անկում «ապահոված» կառավարություն, այլևս պատմություն է: Շուտով կձևավորվի հայաստանյան նոր կառավարությունը: Կշարունակի՞ այն Արցախի նկատմամբ անփույթ վերաբերմունքը, թե՞ ոչ. դա կախված է նրանից, թե նոր կառավարության համար ինչ նշանակություն ունի Արցախը, Արցախ ասելով հասկանում են միայն Արցախի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին նույնպես, ցանկանո՞ւմ են արդյո՞ք Արցախի զարգացումը, թե՞ ուղղակի «հոգու պարտքն» են ուղարկում միջպետական վարկի տեսքով, ի վերջո ՀՀ հարկատուների գումարները ծախսելուց առաջ հաշվետու են վերջիններիս առջև, թե՞ ոչ: Վերոնշյալ գործոններից մեծապես կախված է նաև Արցախի զարգացման հեռանկարը: Արցախի բյուջեի 60 տոկոսը գոյանում է միջպետական վարկի շնորհիվ և այդ գումարների նկատմամբ վերահսկողությունը զգալի բան կարող է փոխել Արցախի կյանքում:
↧