Վերջին չորս տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և նրա հայրը կանչվել են դատարան` Իսպանիայում շուրջ €4 մլն հարկերի վճարումից խուսափելու գործով, հաղորդում է BBC-ն: Ֆուտբոլիստը սեպտեմբերի 17-ին պետք է ներկայանա Բարսելոնայից 20 կմ հեռավորության վրա գտնվող ծովափնյա Գավա քաղաքի դատարան: Ավելի վաղ Մեսսին հերքել էր իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: Հունիսի 12-ին իսպանական դատախազության դատախազ Ռակել Ամադոն հայց էր ներկայացրել Գավայի դատարան. հենց այս քաղաքում է բնակվում 25-ամյա արգենտինացի հարձակվողը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մեսսիի միայն մեկ տարեկան աշխատավարձը չորս անգամ գերազանցում է այն գումարը, որը նա, ըստ դատախազության, չի վճարել իսպանական բյուջե: Եթե ֆուտբոլային աստղը մեղավոր ճանաչվի, ապա նրան կսպառնա ոչ միայն խոշոր տուգանք, այլև մինչև վեց տարվա ազատազրկում: Սակայն մինչ այդ դատարանը պետք է ընդունի դատախազի բողոքը, այսինքն՝ այն ճանաչի քննության արժանի: Դատախազությունը պնդում է, որ Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Օրասիո Մեսսին, 2007, 2008 և 2009 թթ. եկամտահարկերից խնայել են €4 մլն: Ի պատասխան հնչած մեղադրանքներին՝ Մեսսին իր զարմանքն էր հայտնել: «Լրատվամիջոցներից նոր տեղեկացանք իսպանական հարկային համակարգի՝ մեր հանդեպ ունեցած առարկությունների մասին: Զարմացած ենք, քանի որ երբեք օրենքը չենք խախտել: Միշտ կատարել ենք անհրաժեշտ բոլոր պահանջները՝ հետևելով մեր հարկային խորհրդատուների խորհուրդներին»,- գրել էր ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում:
↧