ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ղրիմի հարցով քվեարակությունը ցույց տվեց, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանի «մեկուսացման» մասին խոսք անգամ չկա: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: «Արդյունքը մեզ լիովին գոհացնում է, մենք քաղաքական և բարոյական հաղթանակ տարանք: Այս իրավիճակում Ռուսաստանի մեկուսացման մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է նա քվեարկությունից հետո: Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով անօրինական է ճանաչվում Ղրիմում անցկացված հանրաքվեն: Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը, որոնց թվում է նաև Հայաստանը: Դեմ էին քվեարկել նաև Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: Չուրկինի խոսքով՝ շատ երկրներ բողոքել են, որ ճնշման են ենթարկվում արևմտյան պետությունների կողմից, որպեսզի իրենք քվեարկեն բանաձևի օգտին: Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզու բնակչության ավելի քան 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն և Ռուսաստանին միանալուն: Մարտի 18-ին Մոսկվայում Ղրիմի և Սևաստոպոլ ղեկավարները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին պայմանագրեր:
↧